Ադրբեջանի ՊՆ. Անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ սահմանել Լաչինի ճանապարհի վրա
  Ադրբեջանի ՊՆ.  Անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ սահմանել Լաչինի ճանապարհի վրա
10:02     08 03 2023    
Մարտի 5-ին Խանքենդի-Խալֆալի-Թուրշսու գրունտային ճանապարհին տեղի ունեցած միջադեպից հետո այս ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների տեսահսկման միջոցները ֆիքսել են այս ճանապարհի հերթական օգտագործումը Հայաստանի զինված ուժերի և անօրինական հայկական կազմավորումների կողմից ռազմական փոխադրումների համար՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։ «Մարտի 7-ին, ցերեկվա ընթացքում, Հայաստանի զինված ուժերի և հայկական անօրինական զինված կազմավորումների մարտական մեքենաները շարասյուներով շարժվել են նշված ճանապարհով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ: Չնայած Հայաստանի հերքումներին ու ստերին, տեսահսկման միջոցը ևս մեկ անգամ արձանագրել է, որ ճանապարհն օգտագործվել է ռազմական փոխադրումների համար։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ ռազմական փոխադրումների իրականացումն անընդունելի է և եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում։

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի կողմից զենքի, զինամթերքի, ականների և այլ ռազմական միջոցների մատակարարումը Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում հայկական անօրինական զինված կազմավորումներին, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ուղարկումն ու ռոտացիան հանդիսանում են Ադրբեջանի ինքնիշխանության, եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում և Ադրբեջանի նկատմամբ ռազմական ագրեսիայի դրսևորում:

Եթե նման գործողություններն անհապաղ չդադարեցվեն, ադրբեջանական կողմը հարկադրված կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կասեցնելու Հայաստանի և հայկական անօրինական ռազմական տարրերի անօրինական գործողությունները Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում։ Այն, ինչ տեղի է ունենում, ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի նկատմամբ վերահսկողության ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունն ու հիմնավորվածությունը»,- ասված է ՊՆ հայտարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս