Իլհամ Ալիև. Ես Բրյուսելում հանդիպմանը անհրաժեշտ պատասխան ստացա Երևանից
  Իլհամ Ալիև.  Ես Բրյուսելում հանդիպմանը անհրաժեշտ պատասխան ստացա Երևանից
09:01     14 04 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ, եթե Հայաստանի սպառազինության համար միջոցներ հատկացվեն, ապա Բաքուն դա կընկալի, որպես ոչ բարեկամական քայլ։

Այդ մասին փոխանցում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս-Ազերբայջանին»։

«Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մենք ոչնչացրինք 4-5 մլրդ դոլարի հայկական տեխնիկա։ Այդ տեխնիկայի մի մասը առգրավվել է, որպես ռազմավար և օգտագործվում է մեր կողմից, ևս մի մասը՝ ցուցադրվում է Ռազմավարի զբոսայգում։ Հարց է ծագում, որտե՞ղից են աղքատ Հայաստանին նման գումարները։ Որտե՞ղից են այդ վարկերը։ Մարվել են արդյո՞ք այդ վարկերը, թե՞ ոչ։ Թե՞ դրանք չեղարկվել են։ Եթե այդ վարկերը չլինեին, ապա, բացարձակապես վստահ եմ, որ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի անհրաժեշտությունը չէր լինի»,- ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցությանն ասել է նախագահ Ալիևը։

Նախագահի խոսքով, եթե Հայաստանին չհատկացվեին սպառազինության համար նման նշանակալից միջոցներ, ապա Երևանը «գլուխը խոնարհելով կգար Բաքվի հետ պայմանավորվելու»։ «Ոստի, եթե Հայաստանի սպառազինության համար գումարներ հատկացվեն, ապա մենք դա կընկալենք, որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան արձագանք կտանք»,- ընդգծել է Ալիևը։

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը երկար տարիներ ընդհարվել է երկակի չափանիշների հետ։ Օկուպացիայի տարիներին երկրների մեծամասնությունը չէին ուզում դա անվանել օկուպացիա, տարածքային ամբողջականության խախտում, չնայած օկուպացիայի փաստը ակնհայտ էր, հիանալի հայտնի էր, թե ով է օկուպանտ, իսկ ով է ենթարկվում օկուպացիայի։ Սա է կոչվում է «երկակի չափանիշներ և անարդարություն»։

«Մենք դա տեսնում ենք նաև մեր օրերում, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում. երբ մենք Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր հողերը ազատագրում էինք «Bayraktar» անօդաչուներով, օտարերկրյա փորձագետները և մամուլը այդ անօդաչուները անվանում էին «մահաբեր զենք», իսկ այժմ, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում այդ նույն անօդաչունները անվանում են «հրեշտակ»։ Ահա, թե ինչ է նշանակում երկակի չափանիշ, այհա, թե ինչ է նշանակում անարդարություն մեր նկատմամբ և այդպիսին է իրականությունը»,- ասել է նախագահ Ալիևը։

Իլհամ Ալիևը նշել է, որ այժմ գլխավոր հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումն է։ «Ցանկացած կազմակերպություններ, որոնք պատրաստ են ավանդ ներդնել այդ գործընթացում, ընդունելի են։ Հայաստանը դրականորեն է վերաբերվել հարաբերությունների նորմալացմանն ուղղված մեր 5 հիմնարար սկզբունքներին։ Ես ուզում էի Բրյուսելում հանդիպմանը պարզաբանել այդ պահը և ստացել եմ հարկավոր պատասխան։ Եթե Հայաստանը ընդունում է այդ 5 սկզբունքները, ապա դա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից»,- ընդգծել է նա։

Նախագահը հավելել է. «Խաղաղ պայմանագրի և սահմանների սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական աշխատանքային խումբը կկազմավորվի մինչև ապրիլի վերջը և պետք է, որքան կարելի է շուտ սկսել աշխատանքը»։

Բացի դրանից, նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը։

«Ադրբեջանը ինքնուրույն է կարգավորել այս հակամարտությունը։ Կարգավորել է ռազմաքաղաքական ճանապարհով։ Փաստորեն, հակամարտության կարգավորման համար Մինսկի խմբին հատկացված մանդատը, կարող է և իրոք դե-յուրե, բայց դե-ֆակտո կարելի է համարել անվավեր»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Իլհամ Ալիևը իր կարծիքն է հայտնել նաև «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան) ձևաչափով հարթակի առնչությամբ։

«Մենք պլաններ ունենք «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման օրակարգի հետ կապված։ Հանդիպումը պետք է անցկացվի մոտ ժամանակներում, չի կարելի ժամանակ կորցնել»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է տվյալ հարթակի շրջանակներում հասնել կոնկրետ արդյունքների, այլ կերպ, պետության ղեկավարի խոսքով, այն կորցնում է իր նշանակելիությունը։

«Մենք իրական արդյունքների կողմնակից ենք։ Մենք ունենք տարածաշրջանի ապագա զարգացման շատ հստակ պատկերացումներ։ Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում և առաջիկայում ամեն ինչ կօգտագործենք մեր նպատակներին հասնելու համար»,- ընդգծել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս