Ի.Ալիև. Զանգեզուրի միջանցքը՝ մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային հանգույցի դեր կխաղա
  Ի.Ալիև.  Զանգեզուրի միջանցքը՝ մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային հանգույցի դեր կխաղա
11:18     09 09 2025    
Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի և Շանհայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հովանու ներքո իր աշխատանքն է սկսել՝ «Զարգացման և անվտանգության ռեզոնանսը. տարածաշրջանային համագործակցությունը և կառավարումը Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության ինստիտուցիոնալ վերափոխման մեջ» խորագրով երկօրյա ֆորումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ միջոցառմանն ընթերցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը ֆորումի մասնակիցներին։ Ուղերձը ընթերցել է՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

Իր ելույթում Իլհամ Ալիևը ընդգծել է, որ այսօր Ասիան արագորեն վերածվում է համաշխարհային ուժի կենտրոններից մեկի՝ թե՛ իր տնտեսական ներուժի, թե՛ համաշխարհային գործընթացների վրա ունեցած ազդեցության առումով, սակայն, ցավոք, Գլոբալ Հարավի երկրները դեռևս բավարար չափով ներգրավված չեն կարևոր որոշումներ կայացնելու գործընթացում։

Նախագահը հիշեցրել է, որ 2019-2023 թվականներին Չմիավորման շարժման հաջող նախագահության ընթացքում Ադրբեջանը բարձրաձայնել է գլոբալ Հարավի պետությունների առջև ծառացած անարդարությունների մասին և աշխատել է միջազգային ասպարեզում Չմիավորման շարժման դիրքերը ամրապնդելու ուղղությամբ։ Ադրբեջանը նոր փուլ է սկսել՝ գաղութատիրության ամոթալի ժառանգությունը վերացնելու և ժամանակակից դարաշրջանում նեոգաղութատիրության դրսևորումները բացահայտելու գործում։ Իլհամ Ալիևը վստահեցրել է, որ մեր երկիրը կշարունակի աշխատել այս կարևոր խնդիրը լուծելու համար՝ միջազգային ջանքերը մոբիլիզացնելու ուղղությամբ։

Նախագահը նշել է, որ Գլոբալ Հարավի երկրները պետք է ակտիվորեն մասնակցեն նոր արդար աշխարհակարգի ձևավորմանը, մասնավորապես, նրանք պետք է ներկայացված լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների շարքում։ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի համապատասխանում նոր ժամանակների իրականությանը, և Ադրբեջանը, որպես երկիր, որն ինքնուրույն ապահովել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միայն թղթի վրա մնացած բանաձևերի կատարումը և ազատագրել է օկուպացված տարածքները, դա շատ լավ հասկանում է։

Պետության ղեկավարը նշել է, որ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից առաջ մղվող խաղաղ օրակարգը նոր հորիզոններ է բացում արտաքին քաղաքականության մեջ, մեր երկիրը վերածվում է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկի։ Նախագահը վստահություն է հայտնել, որ Զանգեզուրի միջանցքը, լինելով Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում՝ մայրցամաքները կապող կարևորագույն տրանսպորտային հանգույցի դեր կխաղա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Զանգեզուր  


Լրահոս