Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվեց Ադրբեջանի դրոշի օրը. Ղազինյան
|
|
Եթե քաղաքական իշխանության գործողությունները վտանգում են զինվորի կյանքը, եթե քաղաքական իշխանությունը ադեկվատ չի արձագանքում իրավիճակին՝ հարվածի տակ դնելով զինվորների կյանքն ու առողջությունը, երբ իրեն հորդորում են դադարեցնել պատերազմը, սակայն մերժում է պատերազմը դադարեցնելու առաջարկները, այդ պարագայում Գլխավոր շտաբն իր սահմանադրական պարտականությունները կատարելու նպատակով կարող է պահանջել քաղաքական իշխանության հրաժարականը: Քանի որ քաղաքական սխալների պատճառով է զինվորը ստիպված լինում կրակել:
|
Այս մասին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան« խմբակության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Խոսելով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրման մասին՝ Ղազինյանը նշեց, որ այն պետք էր ավելի շուտ ստորագրել՝ նոր կորուստներից խուսափելու համար:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը տեսականորեն կարող էր ստորագրվել հոկտեմբերի 19-ին, ստորագրվեց Ադրբեջանի դրոշի օրը, ստորագրվեց այն ժամանակ, երբ Շուշին հանձնվեց, դա արժանապատվության նվաստացում է: Մենք չենք ասում ինչու է այն ստորագրվել, որովհետև այն իրավիճակում էինք, որ այլևս հնարավոր չէր դա չստորագրել: Հարցը այն է՝ ինչու մենք դրան հասանք: Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է ընդամենը մեկ պատասխան՝ ինձ կասեին դավաճան: Հարցն այն է՝ ինչու չեղավ հերթական ուղիղ եթերը և ինչու դա արվեց գաղտնի»,-ասաց նա:
Ղազինյանը իր խոսքում անդրադարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության բացահայտմանը՝ նշելով.
«Հոկտեմբերի 27-ը քննելու համար առկա են եղել բոլոր անհրաժեշտ գործիքները՝ և՛ Քննչական խումբ, և՛ Գլխավոր դատախազ, և՛ ԱԱԾ, տրվել են հնարավոր կասկածները փարատելու համար: Ոչ միայն այն ժամանակ դա տեղի չունեցավ, այլ չի էլ լինելու, որովհետև ամեն ինչ շատ պարզ է»:
Անդրադառնալով ԱԽՔ-ի հապարակած ձայնագրությանը և այն հայտարարությանը, որ Գլխավոր Շտաբը չի պահանջել դադարեցնել պատերազմը, Ղազինյանը նշեց. «Իսկ եթե հրապարակվեն ձայնագրության այնպիսի հատվածներ, որտեղ իրականում դա ասվում է, միգուցե եղել է այլ հանդիպում, որի ժամանակ դա ասվել է: Իմ կարծիքով չէր կարող լինել այդ աստիճան սուտ տեղեկատվություն Գլխավոր Շտաբի պետի կողմից: Եթե եղել է, դա ձեր սխալն է, որ նման ստախոսին նշանակել եք Գլխավոր շտաբի պետ»:
Ղազինյանը հավելեց, որ հանձնաժողովի տեղակալի պաշտոնում չընտրելը ոչինչ չի փոխելու, քանի որ իր նպատակը ԱԺ-ում պետությանը և ժողվրդին ծառայելն է լինելու:
Հեշթեգներ.
Հայաստան