Արեւմուտքի վերջնագիրը եւ Հայաստան
 Արեւմուտքի վերջնագիրը եւ Հայաստան
14:22     09 08 2021    
Արեւմտյան յոթ երկիր Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը: Համապատասխան համատեղ հայտարարությունը տարածվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Էստոնիայի եւ Ալբանիայի կողմից, գրում է vedomosti.ru-ն: «Այսօր մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը եւ չեղյալ հայտարարել Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, այսպես կոչված, անկախության ճանաչումը»,- ասված է հայտարարության մեջ:

Պե՞տք է, արդյոք, մեծ քաղաքագետ լինել՝ հասկանալու համար, թե ինչ արհավիրք է մոտենում Հայաստանի Հանրապետության, թե ինչպիսի նոր մարտահրավերներ են ծառանում մեր առջեւ: Ուշադիր կարդացեք համատեղ հայտարարություն արած երկրների ցանկը եւ կտեսնեք, թե ինչ հաշվարկներով է այն կազմված: Նշված բոլոր երկրներն էլ, բացառությամբ թերեւս Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի, ամենասերտ դաշնակիցներն են: Կարծում ենք՝ այս ցանկը կամբողջականանա մոտ ապագայում, եւ այնտեղ մենք կտեսնենք նաեւ Թուրքիայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Ադրբեջանի անունները: Ավելին՝ մեր կարծիքով, հանդես է գալիս միանգամից երկու պետություն՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնց առաջնահերթ խնդիրը Ղարաբաղից եւ Հայաստանի տարածքից ռուսական խաղաղապահ զորքերի դուրսբերումն է:

Ուշագրավ է նաեւ համատեղ հայտարարության ոճը՝ ո՛չ բանակցությունների առաջարկ, ո՛չ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անվտանգության երաշխիքների քննարկում: Փոխարենը կարդում ենք մի վերջնագիր՝ ներկայացված միջուկային գերտերությանը. «Այսօր մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը եւ չեղյալ հայտարարել Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, այսպես կոչված, անկախության ճանաչումը»:

Եվ էլի մի հետաքրքիր նկատառում: Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի կազմի մեջ են մտել գրեթե այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Ադրբեջանի: Այստեղից կարելի է հետեւեցնել, որ ինչպես Աբխազիային եւ Հարավային Օսիային, այնպես էլ Ղարաբաղին «ինքնորոշում եւ անկախացում», որպես միջազգային անքակտելի իրավունք, տրված չէ: Ըստ էության, հենց սա են ասել հայտարարությունը ստորագրած երկրները:

Խնդրո առարկա հայտարարությունը նաեւ հստակ նշան է մոտեցող պատերազմի:

Սա կովկասյան տարածաշրջանում ամերիկյան ռազմական կոալիցիայի կամ բլոկի ձեւավորման առաջին նախանշանն է: Դա են ընդգծում նաեւ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ զորավարժությունները, որոնք առաջինը չլինելով հանդերձ, «կոալիցիայի» հայտարարության ֆոնին, այնուամենայնիվ, առանձնանում են այդ պետությունների մասնակցությամբ մինչ այս տեղի ունեցած ռազմավարական- դաշնակցային նմանատիպ միջոցառումներից:

Մոսկվան հրաշալի է գիտակցում, թե ինչ է կատարվում աֆղանա-տաջիկական սահմանից մինչեւ հայ-թուրքական սահման ընկած այս հսկայական ճակատում: Նրան, իհարկե, ՆԱՏՕ-ի, ամերիկյան եւ ֆրանսիական զինված ուժերի հետ դիմորոշ առճակատում չի սպասվում: Այդ «կեղտոտ» գործում ներգրավվելու են թալիբները Աֆղանստանում: Առավել հավանական է սիրիական նոր եւ ավելի խոշոր մասշտաբների սցենար, որ իրագործվեց «ԻՇԻԴ» ահաբեկչական կառույցի ձեռքով՝ Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո: Նոր պատերազմում գլխավոր դերակատար կդառնա Թուրքիան, որ իր արեւմտյան գործընկերների առաջ կպարտավորվի ձեռքի հետ էլ թեժ պահել Ուկրաինայի եւ Ղրիմի հարցը:

Էդիկ Անդրեասյան
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս