Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին մարտի 3-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Պակիստանի ԶՈւ շտաբների միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակության հետ տեսակապի ձևաչափով հանդիպմանը:
Երկրի ղեկավարը նշել է.
«Մենք արդեն ականատես ենք եղել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համագործակցության եռակողմ ձևաչափի լավ արդյունքներին՝ քաղաքական և այլ ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական: Կարծում եմ, որ համախմբելով ջանքերը՝ մենք կամրապնդենք մեր դիրքերը և կնպաստենք խաղաղության գործին: Քանի որ մեր երկրները տարածաշրջանում խաղաղության և արդարության կողմնակիցներ են:
Երբ մենք համոզվեցինք, որ միջազգային իրավունքը չի գործում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը չեն իրականացվում արդեն 27 տարի, միջազգային հանրությունը պատժամիջոցներ չի կիրառում Հայաստանի դեմ, Հայաստանը չի պատժվում, իսկ անվերջ բանակցությունները փակուղի են մտել, ապա մենք ինքներս ստիպված եղանք վերականգնել արդարությունը: Այլ կերպ ասած՝ երբ միջազգային իրավունքը չի գործում, ապա դա պետք է արվի ուժով: Մենք դրան հասանք և դա ցույց տվեցինք ամբողջ աշխարհին:
Բայց մենք խաղաղություն ենք ուզում և այսօր մենք նպաստում ենք դրան: Այսպիսով, մեր ռազմական համագործակցությունը կնպաստի մոլորակի վրա խաղաղության հաստատմանը»: