Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելու և միջադեպի հետևանքով վիրավորված մեր զինծառայողներին տարհանելու մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեր նահատակների և վիրավոր զինվորների տարհանումը իրականացվել է մեր զինծառայողների կողմից։
Հակառակ Եռակողմ հայտարարության դրույթներին՝ Հայաստանը շարունակում է զենք, զինամթերք և զինտեխնիկա մատակարարել Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում հայկական անօրինական զինված խմբավորումներին, զինվորականներ ուղարկել այնտեղ։ Նման անընդունելի դեպքերն անհապաղ կանխելու համար ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է կատարի իր պարտավորությունները:
Եվս մեկ անգամ նախազգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք պետք է մեկընդմիշտ դադարեցվի և հայկական զորքերը ամբողջությամբ դուրս բերվեն այնտեղից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայկական ապօրինի զինված կազմավորումները զինաթափելու և վնասազերծելու համար՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավորությունները:
Հայաստանի նման գործողությունները գնահատվում են որպես ռազմական ագրեսիայի շարունակություն:
Տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատում են Ադրբեջանի տարածքում Լաչինի ճանապարհի վերահսկողության ռեժիմի ապահովման անհրաժեշտությունը»,- նշում է հայտարարության մեջ։