Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ելույթ ունենալով հանդիպմաը նախագահ Իլհամ Ալիևն ասել է.
Հարգելի Սերգեյ Վիկտորովիչ, ուրախ եմ ձեզ կրկին տեսնելու համար: Բարի գալուստ Ադրբեջան: Երկար տարիներ լավ ավանդույթ է, երբ ընդունում ենք ձեզ: Մեր նախարարը նույնպես պարբերաբար այցելում է ձեզ։ Ձեր այցը համընկնում է անցյալ տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի առաջին տարելիցի հետ, որը շատ կարևոր և նշանակալից քայլ էր մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Այն, ըստ էության, արտացոլում է մեր հարաբերությունների ոգին ու բնույթը, մեր հարաբերությունների կուտակված դրական ռեսուրսը, ինչպես նաև որոշում է առաջիկա տարիների փոխգործակցության ուղիները։
Պետք է ասեմ, որ անցյալ տարին նշանավորվեց մեր հարաբերությունների շատ դինամիկ բնույթով։ Նախագահների մակարդակով մի քանի հանդիպումներ են եղել, Դուք եղել եք նաև Ադրբեջանում, Ձեր գործընկերն այցելել է Ռուսաստան։ Եղել են մեր երկրների վարչապետների և խորհրդարանների նախագահների փոխայցելությունները՝ չհաշված այլ պաշտոնատար անձանց այցերը, ինչը վկայում է այն մասին, որ հարաբերությունները լիովին զարգանում են, շատ կարևոր հարցեր են լուծվում, և մենք մտնում ենք այս տարի լավ մեկնարկով: Այն, որ տարեսկզբին այցելում եք մեզ, այս տարի ևս առանձնահատուկ թափ կհաղորդի մեր փոխգործակցությանը։
Գործունեության այն ոլորտները, որոնք միավորում են մեզ, եթե սկսենք թվարկել դրանք, հավանաբար երկար ժամանակ կպահանջվի։ Ավելի շուտ, մենք կարող ենք թվարկել այն ոլորտները, որտեղ գործերը դեռ այնքան էլ ակտիվ չեն: Բայց սա մեր ուշադրությունից դուրս չի մնում, հետևաբար, փոխգործակցության ավանդական ոլորտներում՝ քաղաքական երկխոսություն, էներգետիկա, տրանսպորտ, առևտուր, հումանիտար համագործակցություն, և այն ոլորտներում, որոնք մենք պետք է հասցնենք դաշնակցային փոխգործակցության մակարդակի, մենք նաև լուրջ փոխադարձ քայլերի հույս ունենք:
Ուզում եմ գոհունակությամբ նշել նաև, որ վերականգնվում է մեր երկրների քաղաքացիների փոխայցելությունների նախկին դինամիկան։ Դրա վառ ապացույցն այն է, որ այսօր ինձ տեղեկություն են տրամադրել, այն մասին, որ շաբաթական ռուսական և ադրբեջանական ավիափոխադրողների 135 չվերթ է իրականացվում։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ սա ռեկորդային ձեռքբերում է, ինչը վկայում է այն մասին, որ մեր երկրների քաղաքացիները մեծ հաճույքով են այցելում միմյանց։
Իհարկե, այսօր կխոսենք նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի մասին։ Հուսով եմ, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Ամեն դեպքում, մենք դրա հույսն ունենք։ Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի կառավարությանը և անձամբ Ձեզ՝ այս գործընթացում ակտիվ մասնակցության համար։ Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում։ Անցյալ տարի այս ուղղությամբ կարևոր ջանքեր են գործադրվել, փաստաթղթեր են ընդունվել, որոնք սահմանում են ապագա խաղաղության պայմանագրի հայեցակարգային բնույթը, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը, ինչը հաստատվել է անցյալ տարվա հոկտեմբերին ընդունված փաստաթղթերով՝ Պրահայում և Սոչիում, հանդիսանում է այն հիմքը, որը կարող է օգտագործվել խաղաղության պայմանագրի կնքման համար։ Ամեն դեպքում, մենք վճռական ենք տրամադրված՝ դրական և կառուցողական աշխատել հայկական կողմի հետ՝ ռուսական կողմի հետ՝ որպես մեր բարեկամ և հարևանի, որպեսզի արագ շրջենք թշնամանքի այս էջը և խաղաղությունը վերադարձնենք Հարավային Կովկաս։
Իհարկե, մեր հարաբերությունների և մեր այսօրվա բանակցությունների օրակարգը չի սահմանափակվում իմ նշած ոլորտներով։ Դրա համար էլ, եկեք մանրամասն անցնենք օրակարգին: Վստահ եմ, որ այցի արդյունքները, ինչպես միշտ, դրական են լինելու։ Մեկ անգամ ևս բարի գալուստ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.
-Շատ շնորհակալություն, հարգելի Իլհամ Հեյդարովիչ։ Առաջին հերթին փոխանցում եմ նախագահ Պուտինի ամենաջերմ ողջույններն ու բարեկամական մաղթանքները։ Նա անձամբ մեծ ուշադրություն է դարձնում մեր դաշնակցային համագործակցության զարգացմանը։ Եվ ինչպես ասացիք, այս օրերին մենք նշում ենք համապատասխան Հռչակագրի ստորագրման տարեդարձը՝ անցած տարի Ռուսաստանի Դաշնություն կատարած Ձեր այցի շրջանակներում։ Անկասկած, այս Հռչակագրում ամրագրվեց փոխգործակցության ձեռք բերված մակարդակը և նախանշվեցին այն խորացնելու, որակական նոր մակարդակի հասցնելու ուղիները։ Իսկ գործնական համագործակցությունը, ինչպես նշեցիք, իսկապես շատ արդյունավետ և ինտենսիվ զարգանում է բոլոր ոլորտներում։ Դրանք ներառում են ձեր կանոնավոր շփումները Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, շփումները երկու երկրների վարչապետների, նախարարների միջև։ Ես և իմ գործընկերը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Ազիզովիչ Բայրամովը մշտական կապի մեջ ենք թե՛ դեմ առ դեմ, թե՛ առցանց, ինչպես հիմա ասում են։
Միանգամայն համաձայն եմ ձեզ հետ, որ քաղաքացիների կողմից շրջագայությունների վերսկսման ցուցանիշները ևս մեկ անգամ ընդգծում են այս հանգամանքը և հումանիտար կապերին, կրթական կապերին ձգտումը։ Մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական ուշադրությունը, ձեր կառավարության ուշադրությունը ռուսաց լեզվի աջակցության նկատմամբ, բոլոր պայմանների ստեղծումը, որպեսզի Ադրբեջանի պատրաստակամ քաղաքացիները կարողանան օգտվել ռուսերեն խոսելու և աշխատելու հնարավորությունից և նման հնարավորություն ընձեռեն իրենց երեխաներին: