Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին նա ասել է Տալլինում՝ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ համատեղ ճեպազրույցում։
«Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակի վրա, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, բայց, ցավոք, վերջին շրջանում, հատկապես սեպտեմբերի 13-ի դեպքերից հետո, մենք խնդիրներ ունեինք։ Սեպտեմբերյան հարձակումն իրականացվել է հենց Հայաստանի տարածքում, իսկ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը պետք է ռազմական օգնություն ցուցաբերեին Հայաստանին։ Ադրբեջանը տարբեր տեղերում առաջ է գնացել մինչև 7 կմ, 5 կմ, և դա այն դեպքում, երբ և՛ ՀԱՊԿ անդամները, և՛ Ռուսաստանը պետք է ռազմական օգնություն ցուցաբերեին մեզ»,- հայտարարել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով, Երևանում սպասվում էին նաև քաղաքական հայտարարություններ:
«Ոչ մեկը, ոչ մյուսը դեռ տեղի չի ունեցել։ Իհարկե, արդարության համար պետք է նշել, որ ռազմական գործողությունների դադարեցման բանակցություններին մասնակցել է նաև Ռուսաստանը, սակայն դրանց ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Եվրախորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը»,- նշել է ՀՀ նախագահը։