Ռուսական ԶԼՄ-ները բացահայտել են Հայաստանի հետ «փափուկ բաժանման» գլխավոր բացասական կողմը
 Ռուսական ԶԼՄ-ները բացահայտել են Հայաստանի հետ «փափուկ բաժանման» գլխավոր բացասական կողմը
11:59     11 05 2026    
«Եթե Հայաստանը ընտրի Եվրոպական միության զարգացման ուղին, բազմաթիվ ընտանիքներ կկորցնեն միմյանց հետ կապը»։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին «Lenta.ru»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանի հետ «փափուկ բաժանումը» Ռուսաստանի համար գրեթե բացասական կողմեր չունի։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանին էներգակիրներ է մատակարարում արտոնյալ գներով, ինչը վնաս է հասցնում Ռուսաստանի տնտեսությանը։

Բացի այդ, Վոդոլացկու խոսքով՝ որոշ սննդամթերքներ ևս Հայաստանին տրամադրվում են արտոնյալ սակագներով, ինչը լրացուցիչ եկամուտ է ապահովում տեղական գործարարների համար։

«Մեր միակ կորուստն այն է, որ մեր համատեղ դարավոր պատմության ընթացքում հայերի 50 տոկոսը բնակվում է Ռուսաստանի տարածքում։ Հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է։ Ռուս և հայ ժողովուրդների համար կարևոր է պահպանել բարեկամական հարաբերությունները, քանի որ դա նշանակում է մշտական շփում, մշտական կապեր և ազատ տեղաշարժ», - նշել է պատգամավորը։

Վոդոլացկին հավելել է, որ եթե Հայաստանը անդամակցի Եվրոպական միությանը, ստիպված կլինի փակել սահմանը Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կկորցնեն միմյանց հետ կապը։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ հույս ունի՝ երկրում դեռ կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք հավատարիմ կմնան պետականության գաղափարին և թույլ չեն տա խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, իր հերթին, գրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած հայտարարությունները լայն հասարակական արձագանք են առաջացրել։

Ադրբեջանի հետ սահմանակից Զանգեզուրի շրջանում ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ Ղարաբաղը պատմականորեն երբեք Հայաստանի մաս չի կազմել։

Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանը չէր կարելի համարել «հայկական տարածք», քանի որ այնտեղ երբեք չեն ստեղծվել կայուն ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ կամ գործարաններ, իսկ վերահսկողությունն իրականացվել է միայն առանձին զինվորականների կողմից։

Քննադատները Փաշինյանին մեղադրել են երկերեսանիության և հետևողականության բացակայության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ռուսաստան  


Լրահոս