Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցում վերջին հանդիպումները որակել է որպես դրական քայլեր կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Այս համատեքստում նա ընդգծել է Ժնևում արտգործնախարարների և Պրահայում ղեկավարների մակարդակով հանդիպումների կարևորությունը։ Պետքարտուղարը նաև նշել է՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ՝ Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման կարևորությունը։ Ադրբեջանական կողմից գերեվարված 17 հայերի վերադարձը դրական քայլ համարելով՝ Է.Բլինկենը հայտնել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ աջակցելու՝ սահմանների սահմանազատմանը, տրանսպորտային գծերի բացմանը և անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանը, ինչպես նաև մարդասիրական այլ հարցերի լուծմանը։
Պետքարտուղարն անդրադարձել է նաև խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների որոշակի ժամկետներում անցկացման կարևորությանը։ Նա հավանություն է հայտնել՝ Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ քննարկումներին։ Էնթոնի Բլինկենը նշել է Ադրբեջանում զանգվածային գերեզմանի հայտնաբերումը և ցավակցություն հայտնել մեր պետության ղեկավարին այդ կապակցությամբ։
Իր հերթին նախագահ Իլհամ Ալիևն դրական է գնահատել Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև կայացած առաջին երկկողմ հանդիպումը։ Պետության ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Պրահայում կայացած հանդիպման ավարտին ընդունված հայտարարությունը ավանդ կներդնի խաղաղ գործընթացի մեջ։ Նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, ապա մինչև այս տարվա վերջը խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել։
Պետության ղեկավարն անդրադարձել է նաև, ինչպես Էնթոնի Բլինկենի, այնպես էլ Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումներին և դրանք համարել որպես խաղաղությանն ուղղված քայլ։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո մեր ավելի քան 3900 հայրենակիցներ համարվել են անհետ կորած, նշել է Հայաստանի կողմից զանգվածային գերեզմանների վայրի մասին տեղեկատվության տրամադրման կարևորությունը։ Նախագահ Իլհամ Ալիևը խնդրել է ԱՄՆ պետքարտուղարին օգտագործել իր ռեսուրսները՝ աջակցելու այս խնդրի լուծմանը։ Պետության ղեկավարն ասել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, վկայությունների և այլ տեղեկությունների հիման վրա, որոշակի տեղեկություններ ունի որոշ զանգվածային գերեզմանների վայրերի մասին։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկումներ են անցկացվել նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։