Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսակապի ձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:
«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանագծման և սահմանազատման, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի հիման վրա: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի: Սակայն, մենք դեռ Հայաստանի կողմից դրական արձագանք չենք տեսնում մեր առաջարկին:
Տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանը և համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը: Այս համատեքստում Զանգեզուրի միջանցքը, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախչըվանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի մեր տարածաշրջանի համար:
Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և դա պետք է հաշվի առնեն բոլորը: Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ անօրինական, անհիմն տարածքային պահանջների միջև: Այս իմաստով Միջազգային հանրությունը պետք է դրական դեր խաղա և հորդորի Հայաստանին գիտակցել, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Պետք է վերջ դնել Հայաստանում ռևանշիզմին ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցությանը և նրա սպառազինմանը:
Հուսով ենք, որ ի վերջո Հարավային Կովկասում կհաստատվի երկար սպասված խաղաղություն, անվտանգություն և կայունություն: Ադրբեջանը կշարունակի հետևողական ջանքերը, որոնք նպաստում են տարածաշրջանային խաղաղությանը և զարգացմանը, ծառայում են տարածաշրջանի ամրապնդմանը», - ասել է պետության ղեկավարը: