«Ժողովուրդ». Մարուքյանին արգելել են գրել Խոջալուի մասին և ստիպել հրաժարական տալ
 «Ժողովուրդ».  Մարուքյանին արգելել են գրել Խոջալուի մասին և ստիպել հրաժարական տալ
13:08     06 03 2024    
«Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների ֆոնին Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը օրերս հայտարարեց, որ ազատման դիմում է գրել: Արդեն նախկին դեսպանը փակագծեր չէր բացել իր հրաժարականի պատճառների մասին՝ միայն իր գրառման մեջ ակնարկելով, թե արտաքին քաղաքական հարցերում տարաձայնություններ ունի գործող իշխանությունների հետ»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:

«Հիմնական պատճառն այն է, որ Մարուքյանը ամբողջությամբ տապալված է համարել Փաշինյանի իշխանության հնարած խաղաղության օրակարգը, դրա մասին Էդմոն Մարուքյանը հենց Նիկոլ Փաշինյանի մոտ էլ բարձրաձայնել է՝ ասելով, որ որևէ առաջընթաց չկա բանակցություններում, իսկ խաղաղության օրակարգը տեղում դոփում է, փոխարենը Ադրբեջանը միակողմանի պահանջներ է դնում Հայաստանի առջև, որոնք Հայաստանը կատարում է:

Մարուքյանն իր շրջապատին բացատրել է, որ իր հեռանալու պատճառներից է եղել նաև այն, որ հայկական կողմը համաձայնել է կատարել Ադրբեջանի հերթական անհեթեթ պահանջը, այն է՝ միջազգային բոլոր ատյաններից հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից:

Ընդ որում՝ երկու երկրների միջև նախապես այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել փոխադարձության սկզբունքով, սակայն, ինչպես միշտ, Ադրբեջանը խախտել է այն ու չի հրաժարվում իր հայցերից, սակայն Փաշինյանը հրահանգել է հայկական կողմի պատասխանատուներին պատրաստել դիմումներ, որ հրաժարվեն Ադրբեջանի դեմ հայցերից:

Սակայն, մեր տեղեկություններով՝ Էդմոն Մարուքյանի հեռանալու պատճառներից մեկն էլ եղել է իր թվիթերյան գրառումներից մեկը Խոջալուի ջարդերի մասին (որտեղ նա հերքում է հայերի մասնակցությունը խաղաղ ադրբեջանցիների ցեղասպանությանը-Խմբ.), որից հետո Արարատ Միրզոյանի համակարգման տակ գտնվող ԱԳՆ-ից զանգել, նկատողություն են արել Մարուքյանին ու արգելել այլևս նման բնույթի գրառումներ անել, - գրում է թերթը:
Zinvor.info

Հեշթեգներ.