Ընկերություն կա եվրոպական բենզինի տակ ադրբեջանական է վաճառում, թու՛յլ չենք տալու, զգուշացրե՛լ ենք. Պապոյան
 Ընկերություն կա եվրոպական բենզինի տակ ադրբեջանական է վաճառում, թու՛յլ չենք տալու, զգուշացրե՛լ ենք.  Պապոյան
13:04     18 03 2026    
Ես բարձր եմ գնահատում խաղաղությունը, Ես բարձր եմ գնահատում, որ ավելի քան երկու տարի է՝ զինվոր չի զոհվել ու չի զոհվելու, հաջորդ երկու տարին էլ, 22 տարին էլ, 122 տարին էլ։ Այս մասին այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ–ում Armlur.am–ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Իսկ այդ պայմանական խաղաղությունների ժամանակ տասնյակներով, հարյուրներով հայաստանցի զինվորներ են զոհվել։ Ես այդ ամեն ինչը անում եմ, որ մեր երեխեքը չզոհվեն, ու կշարունակեմ անել, որովհետև նրանք, որոնք ուրիշի երեխաների արյան վրա ձեռք են տաքացնում, իրենք իրենց երեխեքին վաղուց կամ ազատել են բանակից, կամ դարձրել են Ամերիկայի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի, ու եսիմ որտեղի քաղաքացի»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ քաղաքացիները բողոքում են, որ ադրբեջանական բենզինի որակն այն չէ, որի պատճառով սարքավորումներ են փչանում, Պապոյանն ասաց. «Մենք այդպիսի բողոք չենք ստացել, բայց մենք ունենք ուսումնասիրություն, հետազոտություն, ընդ որում, որ բենզինն էլ, որ գալիս է Հայաստան, նույն փորձաքննությունը անցնում է։ Այդ բենզինի որակը բարձր որակի է եղել։ Երկրորդը, ընկերություն կա, որն իբր թե ասում է, որ ինքը եվրոպական բենզին պետք է վաճառի կամ եվրոպական բենզին է, բայց դա ադրբեջանական բենզին է, Ադրբեջանից ձեռք է բերել և մենք շատ հստակ դրել ենք խնդիր, որ ինքը կամ պիտի հայտարարի, որ դա ադրբեջանական բենզին է, կամ չի կարողանա վաճառել։

Որովհետև դու չես կարող մարդկանց խաբել, փողը փոխանցես Ադրբեջան, ադրբեջանական բենզինը բերես Հայաստան, անունը դնես՝ եվրոպական ու վաճառես ու սուտ հայրենասեր խաղաս։ Ես դա ոչ մեկին թույլ չեմ տա։ Այդ տեղեկատվությունը թափանցիկ և ոչ թափանցիկ փոխանցված է և իրենք շատ լավ գիտեն դրա մասին»,–ասաց նա։

Խնդրանքին՝ նշել անուններ, նախարարն ասաց. «Այդ ընկերությունը ունի ընտրություն. Ինքը կամ չի վաճառի այդ բենզինը և չգիտեմ ինչ կանի դրա հետ, կամ եթե վաճառի, կհայտարարի, որ դա ադրբեջանական բենզին է։ Նախարարությունը շանտաժ չի անում, էկոնոմիկայի նախարարության կանոնադրության մեջ գրած է՝ սպառողների իրավունքների պաշտպանություն, իսկ սպառողը իրավունք ունի իմանալ, դա ադրբեջանական բենզին է, թե ասենք ռումինական: Եվ եթե օրինակ ադրբեջանական բենզին է, բայց ասում է՝ ռումինական, այդտեղ է, որ էկոնոմիկայի նախարարությունը թույլ չի տալու ու թույլ չի տա»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Պապոյան  


Լրահոս