Առաջընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածաշրջանային անվտանգություն տանող քայլ է. ՆԱՏՕ
 Առաջընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածաշրջանային անվտանգություն տանող քայլ է.  ՆԱՏՕ
12:20     27 03 2026    
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի 2025թ․ արդյունքների վերաբերյալ ամենամյա հաշվետվությունում առանձին ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասի իրավիճակին եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին։

Փաստաթղթում ընդգծվել է տարածաշրջանի կարեւորությունը ՆԱՏՕ անվտանգության համար, մասնավորապես՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակական ազդեցությունը: Այս համատեքստում դաշինքը դրական է գնահատում հայ-ադրբեջանական երկխոսության զարգացումը:

Հաշվետվությունում նշվել է, որ 2025թ․ ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ուղղությամբ արձանագրված զգալի առաջընթացը եւ ճանաչել է ԱՄՆ ներդրումը բանակցային գործընթացի առաջխաղացման գործում:

Հատկապես ընդգծվել է 2025թ․ օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը: Փաստաթղթում նշվել է, որ սա կարեւոր քայլ է հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

ՆԱՏՕ-ն նաեւ հայտնել է երկու երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին:

Բացի այդ, հաշվետվությունում նշվել է դաշինքի փոխգործակցությունը տարածաշրջանային գործընկերների հետ: Մասնավորապես, Հայաստանը նշված է կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՆԱՏՕ Building Integrity ծրագրի շրջանակում աջակցություն ստացող երկրների շարքում, որը նպատակ ունի զարգացնել թափանցիկությունը եւ արդյունավետ կառավարումը պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում:

Այսպիսով, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի 2025թ․ հաշվետվությունում հայ-ադրբեջանական գործընթացը համարվում է Հարավային Կովկասում կայունության ամրապնդման հիմնական տարրերից մեկը:
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս