ԵՄ-ն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին և պատրաստ է ներդրումների հաղորդուղիների զարգացման մեջ. Բրուններ
|
|
|
|
Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական միության համար, և եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։
|
ԵՄ-ն պատրաստ է նաև շարունակել աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացման մեջ ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է մարտի 12-ին Հայաստան ժամանած՝ Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։
Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար. «Արդարացի է նշել, որ մեր հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել։ Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել, որ քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումների ընթացքը զգալի առաջընթաց են ապրել: Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի ընդունումը վկայում է այս առաջընթացի մասին՝ բազմաթիվ ոլորտներում սահմանելով համագործակցության խորացման հավակնոտ առաջնահերթություններ։
Մեր գործընկերության հիմքում են ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և ազատ ու բարեկեցիկ ապագա կառուցելու նպատակը։ Այս համատեքստում Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական միության համար։
Սա արտացոլվում է նաև այն փաստով, որ Եվրոպական միությունն առանց վիզայի ճանապարհորդության համաձայնագրեր ունի ավելի քան 60 երկրների հետ, իսկ Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման շուրջ ընթացիկ երկխոսություն: Սա վկայում է Հայաստանի հետ մեր գործընկերությունն ամրապնդելու հարցում Եվրոպական միության վճռականության մասին»,–ասել է նա։
Հիշեցնելով, որ 2026–ի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, Բրունները նշել է, որ դա ընդգծում է ԵՄ–ի վճռականությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության խթանման նկատմամբ։
Դրա կարևոր բաղադրիչներից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։ Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացմանը նպաստող ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Մեր համագործակցությունն աճում է նաև տնտեսական գործնական ոլորտներում։ ԵՄ-ն և Հայաստանը իրականացնում են 270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագիրը, որն աջակցում է բարեփոխումներին և նպաստում Հայաստանի տնտեսության ու դիմակայունության ամրապնդմանը։ «Global Gateway» նախաձեռնության շրջանակում մենք նաև ուսումնասիրում ենք տարածաշրջանային կապուղիների, տնտեսական դիվերսիֆիկացման, թվային և կանաչ փոխակերպումների, էներգետիկ անվտանգության և կլիմայի շուրջ համագործակցության ոլորտներում լրացուցիչ ներդրումների հնարավորությունները։
Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք ընդլայնել Հայաստանի առևտրային հնարավորությունները և օգնել հայկական բիզնեսին ավելի արդյունավետ օգտվել շուրջ 450 միլիոն սպառող ունեցող ԵՄ շուկայի հասանելիությունից։ Սա կարող է նոր հնարավորություններ բացել հայկական արտահանումների, ներդրումների և տնտեսական աճի համար»։
Բրուները նաև հայտարարել է, որ ԵՄ–ն աջակցում է Հայաստանի դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։
«Գործնական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանների կառավարումն ու անվտանգությունը։ ԵՄ գործակալություններն արդեն ընդլայնում են իրենց ներգրավվածությունը։ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալությունը (Frontex) պատրաստ է աջակցել Հայաստանի սահմանապահներին, իսկ Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալությունը (Europol) ընդլայնում է համագործակցությունը հայկական իրավապահ մարմինների հետ։
Մենք նաև Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ աշխատանքային պայմանավորվածության շուրջ բանակցությունների ավարտական փուլում ենք, ինչը կուժեղացնի համագործակցությունը սահմանների կառավարման ոլորտում»,– հայտարարեց ԵՄ պաշտոնյան։
Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական, որ առաջիկա տարիներին Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ, Բրունները պատասխանել է. «Անցյալ տարվա նոյեմբերին մենք փոխանցեցինք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, և այն ժամանակից ի վեր արձանագրվել է կայուն առաջընթաց, հատկապես փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ոլորտներում։
Վիզաների ազատականացումը չափանիշների վրա հիմնված գործընթաց է, ուստի գործողությունների ծրագրում նշված բոլոր պահանջները պետք է կատարվեն մինչև վերջնական որոշման ընդունումը՝ ոչ միայն ԵՄ-ի, այլ առաջին հերթին՝ Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով։ Առաջընթացի առաջին զեկույցը կներկայացվի 2026 թվականի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում։
Եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է»։
Հեշթեգներ.
ԵՄ
Ադրբեջան
Հայաստան