Իլհամ Ալիև. «Երկաթե բռունցքը» միշտ իր տեղում կլինի
  Իլհամ Ալիև. «Երկաթե բռունցքը» միշտ իր տեղում կլինի
10:37     01 01 2024    
Դեկտեմբերի 31-ի՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձով դիմել է ադրբեջանական ժողովրդին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

2023 թվականը մնում է անցյալում: 2023 թվականին շատ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան մեր երկրի կյանքում։ Բայց այս իրադարձությունների թվում պետական ինքնիշխանության վերականգնումը հավերժ կմնա ադրբեջանական ժողովրդի հիշողության մեջ։ 2023 թվականին մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում Ադրբեջանը լիովին վերականգնեց իր պետական ինքնիշխանությունը, ապահովվեց օկուպացիոն ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքից, ոչնչացվեց թշնամու բանակը, ոչնչացվեց կամ առգրավվեց հակառակորդի ռազմական տեխնիկան։ Կուզենայի ևս մեկ անգամ սրտանց շնորհավորել ադրբեջանական ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։

Երբ 2020 թվականին ավարտվեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը, և մեր դրոշը բարձրացվեց Շուշայում և ազատագրված այլ տարածքներում, մենք բոլորս լավ գիտեինք, որ մեր գործն անավարտ է մնացել։ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ վերականգներ իր պետական ինքնիշխանությունը և արեց դա:

Երեք տարի շարունակ մենք ուզում էինք դա լուծել խաղաղ ճանապարհով։ Մենք կարծում էինք, որ Հայաստանի ղեկավարությունը, ճիշտ վերլուծելով Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները՝ իր համար եզրակացություն կանի։ Ցավոք, դա տեղի չունեցավ։ Երեք տարվա ընթացքում Հայաստանը ոչ միայն չկատարեց իր պարտավորությունները, այլև, ընդհակառակը, նոր ռազմական սադրանքներ պատրաստեց ու իրականացրեց մեր դեմ։ Մեր հողերում ապօրինի տեղակայված 15 000-անոց հայկական բանակը դուրս չբերվեց Ղարաբաղից։ Ընդհակառակը, Ղարաբաղ տեղափոխվեցին նոր զենքեր, զինամթերք, զինտեխնիկա, ականներ, և մեր դեմ շարունակվեց ականային տեռորը։

Իհարկե, մենք չէինք կարող հաշտվել այս իրավիճակի հետ։ Մենք բազմիցս զգուշացրեցինք Հայաստանի ղեկավարությանը և նրա հետևում կանգնած արևմտյան երկրներին, որ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել։ Կամ անջատողական ռեժիմը պետք է ինքնալուծարվի, հայկական բանակը դուրս բերվի մեր տարածքից, կամ էլ մենք ինքներս, ուժի կիրառմամբ, կվերականգնենք մեր պետական ինքնիշխանությունը։ Ցավոք, մեր խոսքերին ուշադրություն չդարձրեցին։ Սեպտեմբերի 19-ին սկսված հակաահաբեկչական գործողությունը, որը տևեց ընդամենը մեկ օր, նույնիսկ ավելի քիչ, ավարտվեց ադրբեջանական բանակի լիակատար հաղթանակով։ Անջատողական ռեժիմն ընկավ, ծնկի եկավ մեր առաջ, սպիտակ դրոշ բարձրացրեց, հանձնվեց, ընդմիշտ դուրս բերվեց մեր հողերից և նետվեց պատմության աղբանոցը։ Այսպիսով, Ադրբեջանում անջատողականությունը արմատախիլ արվեց, և այս չարիքն այլևս չի կարող գլուխ բարձրացնել մեր հողերում։

Ադրբեջանական բանակը հերթական անգամ ցուցադրեց պրոֆեսիոնալիզմ, հերոսություն, իսկ մեր զինվորներն ու սպաները՝ անձնվիրություն։ Թող Ալլահը լուսավորի մեր բոլոր նահատակների հոգիները: Նրանց պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Պետք է նշեմ նաև, որ մենք հանեցինք մեր նահատակների վրեժը: Ռազմի դաշտում մենք վրեժխնդիր եղանք մեր զինվորների, սպաների և խաղաղ բնակիչների համար, ովքեր զոհվել են թե՛ Ղարաբաղյան Առաջին և Երկրորդ պատերազմների, թե՛ հակաահաբեկչական գործողության ժամանակ, Խոջալուի ցեղասպանության զոհերի համար։

Իսկ 2023 թվականի ապրիլին մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, սահմանային անցակետ տեղադրվեց, և այդ օրվանից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվեց։ Ադրբեջանական ժողովուրդը լավ է հիշում, թե ինչ աղմուկ բարձրացվեց աշխարհում, հատկապես Հայաստանի թիկունքում կանգնած արևմտյան երկրներում, որոնք մշտապես աջակցում են նրանց, մեր հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցին։ Ոչ մի մեղադրանք, ոչ մի ճնշում չէր կարող ազդել մեր կամքի վրա։ Ես այն ժամանակ ասացի, որ ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք ինքներս վերահսկողության տակ վերցրեցինք մեր սահմանները և ոչ մեկին թույլ չենք տա կառավարել մեր հողերը։ Սա մեր հողն է, մենք ենք այս հողի տերը և կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում։ Եվ սա նույնպես դաս չդարձավ օկուպանտների և նրանց թիկունքում կանգնած հակաադրբեջանական ուժերի համար։ Ուստի սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական գործողությունն անխուսափելի էր, և մենք այն իրականացրեցինք, հպարտանում ենք դրանով, հպարտության զգացում ենք ապրում։ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհում ապրող յուրաքանչյուր ադրբեջանցի իրավամբ հպարտության զգացում է ապրում։

Այսօր Արևմուտքում տիրում են երկակի չափանիշներ: Ադրբեջանական ժողովուրդը դա լավ գիտի։ Միաժամանակ նա լավ գիտի, որ չնայած ճնշումներին, բոլոր սպառնալիքներին, անհիմն մեղադրանքներին, մենք անելու ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում։ Եվ մենք կշարունակենք անել այն, ինչ անում էինք նախկինում։ Եվ Հայաստանի ղեկավարությունը պետք է հետևություններ անի պատմության այս դասերից ու իրեն պահի այնպես, որ չհրահրի մեր զայրույթը։

Այս տարի մենք հաջող քաղաքականություն վարեցինք նաև տնտեսական ոլորտում։ Անկախ տնտեսությունը մեզ թույլ է տալիս ոչ մեկից կախված չլինել, ոչ մի միջազգային ֆինանսական ինստիտուտից, և մենք կախված չենք նրանցից։

Մենք զգալիորեն հզորացրել ենք մեր բանակը, բարձրացել է նաև բանակի պրոֆեսիոնալիզմի մակարդակը, ստեղծվել են նոր զորամիավորումներ, որոնք այլ զինված կազմավորումների հետ միասին հակաահաբեկչական գործողություններում շատ մեծ պրոֆեսիոնալիզմ դրսևորեցին։ Գնվել ու ներկրվել են նոր զինատեսակներ, ռազմական տեխնիկա, կնքվել են բազմաթիվ նոր պայմանագրեր։ Պետք է նաև նշեմ, որ հաջորդ տարի տեղական ռազմական արտադրանքի արտադրությունը զգալիորեն կաճի։ Հաջորդ տարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածը ռազմական արտադրանքի արտադրության մեջ կներդնի առնվազն մեկ միլիարդ մանաթ։ Այսպիսով, մենք ոչ միայն կապահովենք մեզ հիմնական միջոցներով, այլև Ադրբեջանը կդառնա համաշխարհային մասշտաբով շատ լուրջ երկիր, մեր ռազմական նշանակության արտադրանքի ծավալն ու քանակը զգալիորեն կավելանա։

Մեր պատմական հաղթանակը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակը, հակաահաբեկչական գործողությունը, օկուպանտներից ազատագրումը, անջատողական ռեժիմի տապալումը իրավամբ միավորեց բոլոր ադրբեջանցիներին, միավորեց նրանց մեկ բռունցքի պես։ «Երկաթե բռունցքը» դարձավ մեր Հաղթանակի տարեգրության խորհրդանիշը։ Այսօր «Երկաթե բռունցքը« նաև մեր միասնության խորհրդանիշն է։ Եվ ես ուզում եմ հավաստիացնել ադրբեջանական ժողովրդին, ողջ աշխարհի ադրբեջանցիներին, որ «Երկաթե բռունցքը» միշտ իր տեղում կլինի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս