Zinvor.info-ն հիշեցնում է, որ 33 տարի առաջ՝ 1993 թվականի հունիսի 15-ին կայացած Միլլի Մեջլիսի (Ազգային ժողովի) նիստում Հեյդար Ալիևն ընտրվել է Միլլի Մեջլիսի նախագահ։
Այդ օրը համազգային առաջնորդն իր ելույթում հայտարարեց Ադրբեջանի պետականության զարգացման ապագա ռազմավարությունը, և այս օրը Ադրբեջանի պատմության մեջ մտավ որպես Ազգային փրկության օր. ադրբեջանական պետականությունը փրկվեց կործանման վտանգից։
1993 թվականի սկզբից երկրում գործող որոշ զինված խմբավորումների թույլ տված անիշխանական գործողությունները, Ադրբեջանի ներսում եղբայրասպանության և քաղաքացիական պատերազմի համար հիմքերի ստեղծումը, իսկ առանձին տարածաշրջաններում անջատողականության ու տրոհման միտումների ի հայտ գալը լի թափով գործի էին դրել Ադրբեջանի՝ որպես պետության գոյությանը մեկընդմիշտ վերջ դնելու ծրագիրը։
Չնայած անկախության երկամյա պատմությանը՝ երկիրը դեռևս չէր կարողացել փրկվել քաոսից։ 1993 թվականի հունիսի 4-ին Գանձակում (Գյանջա) գնդապետ Սուրաթ Հուսեյնովի վերահսկողության տակ գտնվող զորամասի անհնազանդությունն իշխանություններին երկիրը վերջնականապես տարավ դեպի քաոս։ Իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար իշխանության ձեռնարկած շտապ քայլերը չշտկեցին կացությունը։ Ընդհակառակը, Գանձակ մեկնած պետական ներկայացուցիչները պատանդ վերցվեցին։ Ապստամբ զորամասի ղեկավարությունը նախ պահանջեց վարչապետի և Միլլի Մեջլիսի նախագահի, իսկ հետո՝ նախագահի հրաժարականը։ Իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից, հարակից շրջանների գործադիր իշխանության ղեկավարները բռնի ուժով փոխվում էին, իսկ Սուրաթ Հուսեյնովի ապստամբությունը դուրս էր գալիս Գանձակի արվարձաններից և լայն մասշտաբով ծավալվում դեպի Բաքու։ Կային զոհեր և վիրավորներ։ Նման պահին պետությունը կործանումից փրկելու համար երկրի ղեկավարությունը որոշում կայացրեց Բաքու հրավիրել Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևին։
Բաքու վերադառնալուց հետո, Սուրաթ Հուսեյնովի հետ բանակցություններ վարելու նպատակով Գանձակ մեկնած Հեյդար Ալիևը Միլլի Մեջլիսի նիստում տեղեկանք ներկայացրեց Գանձակի իրադարձությունների վերաբերյալ։ Այսպիսով, հունիսի 15-ին Միլլի Մեջլիսում Հեյդար Ալիևն ընտրվեց խորհրդարանի նախագահ՝ փոխարինելով հրաժարական տված Իսա Ղամբարին։
Դրանով իսկ երկար ժամանակ շարունակվող լարվածությունն ու դիմակայությունը մեղմացան, և երկիրը փրկվեց քաղաքացիական պատերազմի ու տրոհման վտանգից։ Ազգային փրկության փիլիսոփայությունը բառի լայն իմաստով ապահովում է Ադրբեջանի գոյությունը և նրա ամենամեծ պատմական ձեռքբերումը հանդիսացող անկախությունը։
Եթե անկախության ձեռքբերումը նախապայման էր, ապա երկրորդ կարևոր խնդիրը սուվերենության պահպանումն ու զարգացումն էր, և դա իրականություն դարձավ համազգային առաջնորդի կամքի շնորհիվ։ Նա ստեղծեց ադրբեջանական պետականության հայեցակարգը։ Չնայած բոլոր խոչընդոտներին՝ ամենակարճ ժամկետում երկրում վերականգնվեց հասարակական-քաղաքական կայունությունը։
Հեյդար Ալիևը 1993 թվականի հունիսի 20-ին տեղական և օտարերկրյա լրագրողների համար անցկացրեց ճեպազրույց՝ ադրբեջանական իրականությունը համաշխարհային հանրությանը հասցնելու համար, իսկ հունիսի 21-ին հանդիպեց մի շարք երկրների դիվանագետների հետ։ Այս ոլորտում վարվող քաղաքականությունը հանրապետությունը դուրս բերեց տեղեկատվական շրջափակումից։ Աշխարհում Ադրբեջանի վերաբերյալ ձևավորված կարծիքը փոխվեց դրական ուղղությամբ։ Հենց այսպիսի բարդ քաղաքական պայմաններում Հեյդար Ալիևի մեծ ներուժը դարձավ Ադրբեջանի անկախության երաշխավորը։ Համազգային առաջնորդի անհատականությունը, նրա յուրահատուկ քաղաքական կառավարման ունակությունը, վճռականությունն ու քարիզման վերջ դրեցին քաղաքական ճգնաժամին, և սկսվեց Ադրբեջանի ինտեգրումը համաշխարհային հանրությանը։
1997 թվականին Միլլի Մեջլիսի պատգամավորները հանդես եկան հունիսի 15-ի ամսաթիվը օրացույցում որպես Ադրբեջանի Հանրապետության Ազգային փրկության օր ներառելու առաջարկով, և խորհրդարանը հավանություն տվեց այդ առաջարկին։ Այդ ժամանակվանից ի վեր Հեյդար Ալիևի վերադարձն իշխանության նշվում է որպես Ազգային փրկության օր։