Իլհամ Ալիև. Մենք էլ ավելի կուժեղացնենք Ադրբեջանի Զինված ուժերը
  Իլհամ Ալիև.  Մենք էլ ավելի կուժեղացնենք Ադրբեջանի Զինված ուժերը
12:00     06 09 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է հղել Բաքվի Էքսպո կենտրոնում բացված ADEX-2022 ադրբեջանական չորրորդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի մասնակիցներին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:

«ADEX-2022-ը առաջին միջազգային պաշտպանական ցուցահանդեսն է, որն Ադրբեջանը կազմակերպել է Հայրենական պատերազմում տարած փայլուն հաղթանակից հետո։ Իրական մարտական գործողությունների ընթացքում հաջողությամբ փորձարկված ռազմական նշանակության հայրենական արտադրանքի ցուցադրումն էլ ավելի է մեծացնում դրա նշանակությունը։

21-րդ դարի պատերազմի միջով անցած Ադրբեջանի զինված Ուժերի մարտական փորձն այսօր ուշադրությամբ ուսումնասիրվում է զարգացած երկրների ռազմական կենտրոններում։ Չափազանց բարդ ռելիեֆ ունեցող տեղանքում կիրառելով գերժամանակակից զինատեսակներ՝ Ադրբեջանի Զինված ուժերը ճեղքեցին հակառակորդի ամրացված պաշտպանական գծերը և արագ առաջ շարժվելով՝ ընդամենը 44 օրում ստիպեցին նրան հանձնվել։ Ադրբեջանի պատմական հաղթանակը ցույց տվեց, որ ռազմական ոլորտում դրված նպատակներին հասնելու համար չափազանց կարևոր է հետևողական և նպատակաուղղված միջոցառումների իրականացումը ժամանակակից բանակ կառուցելու և երկրի ռազմական հզորության բարձրացման գործում։

Ադրբեջանի Հանրապետությունը մշտապես կարևորում է իր զինված ուժերի մարտունակության բարձրացումը և նյութատեխնիկական բազայի ամրապնդումը։ Մեր երկիրը ոչ միայն զարգացնում է համագործակցությունը աշխարհի առաջատար պետությունների հետ ռազմատեխնիկական ոլորտում, այլև ընդլայնում է իր հնարավորությունները ազգային պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Ներկայումս Ադրբեջանը սերտորեն համագործակցում է ավելի քան 50 երկրների առաջատար ընկերությունների հետ ավիացիայի, նավիգացիայի, գործիքաշինության և այլ ոլորտներում, տարեցտարի աճում է մեր երկրի պաշտպանական ձեռնարկություններում արտադրվող արտադրանքի ծավալը։

Առաջիկա ժամանակահատվածում մենք էլ ավելի կամրապնդենք Ադրբեջանի Զինված ուժերը և մեր երկրի պաշտպանունակությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի, զինամթերքի, թիկունքի ծառայության գույքի և այլ նյութերի արտադրությանը։

Վստահ եմ, որ ADEX-2022 ցուցահանդեսը բարենպաստ հնարավորություն կստեղծի օգտակար փորձի փոխանակման, համագործակցության նոր կապերի հաստատման համար և դրական ներդրում կունենա Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության գիտատեխնոլոգիական ներուժի մեծացման գործում»,- ասվում է նախագահի ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս