Փաշինյանը համբուրում է Էրդողանի ձեռքը. Շարմազանով
Փաշինյանը համբուրում է Էրդողանի ձեռքը.  Շարմազանով
14:19     21 09 2021    
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու առաջարկ է փոխանցել: Երեկ ԱՄՆ մեկնելուց առաջ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել էր հենց ինքը՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

«Եթե ցանկանում է Թայիբ Էրդողանի հետ հանդիպել, ապա արդեն պետք է արվեն հայտնի քայլերը։ Մենք բանակցությունների առաջ փակ չենք, բանակցություններ սկսելիս հայկական կողմը պետք է ցույց տա իր դրական մոտեցումը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի հայտարարությանը պաշտոնական Երևանից արձագանքել է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, որը ոչ միայն չի հերքել Էրդողանի ասածները, այլ հաստատելով հավելել է. «Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների»:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Փաշինյան-Էրդողան հեռակա երկխոսությանը, նշեց, որ դա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Հայաստանն այլևս դադարել է լինել որպես անկախ և ինքնիշխան պետություն, ինչի բացակայությունն էլ ավելի վտանգավոր է դարձնում Փաշինյանի քայլերը։

«Հայաստանն ունի մի կապիտուլյանտ իշխանություն, որը մսխել է մեր ինքնիշխանությունը, ոչնչացրել է մեր բանակը՝ որպես արժեք, հետևապես՝ կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդը հանդիպում է մուրում Էրդողանից։ Փաշինյանը քաղաքական մուրացկանությամբ է զբաղված, իսկ դա այն գինն է, որը նա վճարում է այդ աթոռին մնալու համար։ Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է որբի գլուխ, այսօր Հայաստանի քաղաքացին իր ինքնիշխան տարածքում անվտանգ չէ։ Իսկ այս ամենի վերջը լինելու է այն, որ այս գունավոր դասական հեղափոխության հետևանքով Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, ուղղակի չի լինելու։ Կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, եղել է Հայաստանի 3-րդ Հանրապետության վերջին ինքնիշխան պետությունը»,- ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամը։

«Այս անձնավորությունը փորձելու է շուստրիություն անել և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ ընդունելով նրանց նախապայմանները, ինքը դառնալու է Թուրքիայի կամակատար հնազանդ հարսը, իսկ նման Հայաստանի համար Թուրքիան այլևս սպառնալիք չի դիտարկվի, և այդժամ հարց է դրվելու ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ ՀՀ-ից հեռացնելու։ Ինչպես ասել եմ ընտրություններից առաջ, նույնը կրկնում եմ հիմա՝ ով Փաշինյանին ձայն է տվել՝ ձայն է տվել Հայաստանի՝ թրքացման ու թրքական վիլայեթի վերածման»,- ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Վրաստան  


Լրահոս