Ոչ ոք չի կարող խանգարել TRIPP—ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և Հայաստան. Պապոյանը՝ ՌԴ–ի հնարավոր մասնակցության մասին
 Ոչ ոք չի կարող խանգարել TRIPP—ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և Հայաստան.  Պապոյանը՝ ՌԴ–ի հնարավոր մասնակցության մասին
12:52     09 02 2026    
Այս պահի դրությամբ, եթե Որոտանի հիդրոկասկադի 120 մլն վարկային ներդրումը, որն ընթացքի մեջ է, գումարենք TRIPP—ը՝ մոտ 200 մլն դոլար, գումարենք NVIDIA–ն, որը 500 և ավելի մլն դոլար է, գումարենք ատոմային էներգետիկան, ապա մեկ մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր կան, որոնք շատ շոշափելի են, մի մասը նույնիսկ ընթացքի մեջ են։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Դիտարկմանը, որ խոսվում է այն մասին, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի հարավում ուրանի հանքերով, նախարարն ասաց. «Սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ։ Նոր ներդրումային ծրագրեր հնարավո՞ր են։ Իհարկե, ցանկալի են շատ և կուզենք տեսնել։ Բայց ԱՄՆ փոխնախագահը կգա, բանակցությունները կլինեն։ Այլ մանրամասներ, այդ թվում ձեր հարցադրման վերաբերյալ, ես չեմ տիրապետում»։

Ինչ վերաբերում է նրան, որ նախօրեին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որ կարող են մաքսատուրքեր սահմանել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր կանեն Իրանի հետ, Պապոյանն ասաց, որ այդ հարցը ևս միանշանակ կքննարկվի Վենսի Երևան այցելության ժամանակ. «Մոտավորապես 50 մլն դոլարի արտահանում ենք ունեցել նախորդ տարի ԱՄՆ–ի հետ և այդ ապրանքները իրենց մրցունակությունը կկորցնեն, եթե մաքսատուրքը 10–ից դառնա 25։ Բայց, ես գոնե մամուլից եմ իմացել դրա մասին, Էկոնոմիկայի նախարարությունը որևէ բան չի ստացել ԱՄՆ–ի կողմից։ Երկրորդը, կտեսնենք, թե իմպլեմենտացիան ոնց կլինի, բնականաբար, գործընկեր երկրների հետ քննարկումներ տեղի կունենան։ Վենսի հետ բոլոր հարցերը կքննարկվեն։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ օրակարգում ավելի կարևոր ու ավելի հետաքրքիր հարցեր կան։ Դա էլ է կարևոր, բայց ավելի կարևոր հարցեր կան»։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Հայաստանում ամերիկյան մոդելի մոդուլային ատոմակայան է կառուցվելու, Պապոյանն ասաց, որ տարբեր երկրների հետ քննարկումներ են ընթանում, այդ թվում ԱՄՆ–ի հետ. «Հայաստանը կընտրի այն տարբերակը, որն իր պետական շահերին ամենահամահունչն է լինելու»։

Հարցին՝ արդյոք Վենսի հետ կքննարկվի նաև հայ գերիների թեման, նախարարն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ բոլոր հարցերը, որոնք կարող են լինել հայ–ամերիկյան օրակարգում, կքննարկվեն»։

Անդրադառնալով TRIPP նախագծին, Պապոյանն ասաց. «TRIPP-ը արդեն գնացել է, այլևս ոչ ոք չի կարող խանգարել TRIPP—ին»։

Դիտարկամնը, թե Ռուսաստանը կարո՞ղ է մասնակցություն ունենալ TRIPP–ում, նա ասաց. «TRIPP–ում երկու կողմ կա՝ ԱՄՆ և Հայաստան»։

Նա նաև հայտարարեց, որ Վենսի այցելության շրջանակներում հակաիրանական հարց չկա։
Zinvor.info

Հեշթեգներ. Պապոյան   TRIPP  


Լրահոս