Ալիևն ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
  Ալիևն ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
15:41     08 10 2025    
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Գորդան Յանդրոկովիչի գլխավորած պատվիրակությանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Գորդան Յանդրոկովիչը հայտնել է, որ սա իր առաջին այցն է Ադրբեջան, և որ խորապես տպավորված է Բաքվի գեղեցկությամբ։ Նա շնորհավորել է Իլհամ Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված արդյունքների համար։

Գորդան Յանդրոկովիչը նշել է ադրբեջանա-խորվաթական հարաբերությունների լավ մակարդակը, ընդգծել միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։ Հիշատակելով խորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքը՝ հյուրը նաև ընդգծել է տարբեր խորհրդարանական հանձնաժողովների միջև համագործակցության կարևորությունը։

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար, ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն։ Պետության ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։

Նշվել է, որ Խորվաթիան հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի կապերի զարգացմանը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս