Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետի հետ
  Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետի հետ
09:25     03 10 2025    
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Նիդեռլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Դիք Սխոուֆը շնորհավորել է Իլհամ Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ ձեռք բերված արդյունքների համար՝ ընդգծելով այս առաջընթացի կարևորությունը։

Իր հերթին, Իլհամ Ալիևը նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրի, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի կարևորությունը տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։

Հանդիպման ժամանակ ընդգծվել է հոլանդական ընկերությունների հաջող գործունեությունը Ադրբեջանում, ինչն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են նավագնացությունը, նավահանգիստների շինարարությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը և այլն։ Քննարկվել է նաև Ադրբեջանի և Նիդեռլանդների միջև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Դիք Սխոուֆը նաև շնորհավորել է Ադրբեջանին COP29-ը հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ և նշել, որ միջոցառման ընթացքում ձեռք են բերվել միջազգային կլիմայական օրակարգի հետ կապված լուրջ արդյունքներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նիդեռլանդներ  


Լրահոս