«Ադրբեջանն ու Ռուսաստանը համարում են, որ ԼՂ հակամարտությունն ավարտված է». Իլհամ Ալիև
 «Ադրբեջանն ու Ռուսաստանը համարում են, որ ԼՂ հակամարտությունն ավարտված է».  Իլհամ Ալիև
12:15     23 07 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում համընկնում են, Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունը համարում են, որ ԼՂ հակամարտությունն ավարտված է:

Նախագահն ասել է, որ հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Մենք քննարկել ենք հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ Զանգեզուրի միջանցքը և հետկոնֆլիկտային շրջանը: Մոտեցումների հարցում մենք տարաձայնություններ չունենք: Մենք՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, հավատում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է», - ասել է Իլհամ Ալիևը AzTV պետական ​​հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, կարևոր է կանխել ռևանշիզմի դրսևորումները Հայաստանում, և դրանից հետո տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի:

«Պատերազմի ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն և վերացվեն: Մենք այս հարցում տարաձայնություններ չունենք (Ռուսաստանի հետ), մենք կիսում ենք նույն կարծիքը: Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ես տեղեկացրեցի պարոն Պուտինին, որ Հայաստանն այս հարցում կրկին անկեղծ է: Պարոն Շառլ Միշելի (ԵԽ ղեկավար) հետ մամուլի ասուլիսում ես ասացի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է միաժամանակ բացվեն և ընտրողական մոտեցում չպետք է կիրառվի: Բայց տեսնում ենք, որ Հայաստանն այստեղ կրկին ուզում է ինչ-որ խաղ խաղալ»,- ասել է նա:

Նախագահը հավելել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետով: «Սա է մեր դիրքորոշումը», - շեշտել է նա:

Նախագահը նշել է, թե հունիսից Հայաստանը փաստացի դադարեցրել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

Իլհամ Ալիեւը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերություններին, շեշտել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: «Մենք իրական ռազմավարական գործընկերներ ենք, երկարաժամկետ ռազմավարական համագործակցության հարցում տարաձայնություններ չունենք: Մենք շատ ամուր բարեկամական կապեր ունենք, և անձամբ ես շատ սերտ հարաբերությունների մեջ եմ պարոն Պուտինի հետ, մենք միմյանց վստահող քաղաքական գործիչներ ենք», - շեշտել է Ադրբեջանի նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս