Իլհամ Ալիևն ընդունել է Սելջուկ Բայրաքթարին
 Իլհամ Ալիևն ընդունել է Սելջուկ Բայրաքթարին
14:45     03 04 2023    
Ապրիլի 3-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Հանդիպմանը Սելջուկ Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի անունից շնորհակալություն է փոխանցել Իլհամ Ալիևին՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմանը ցուցաբերած օգնության համար։

Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ցավակցություն հայտնելով երկրաշարժի արդյունքում բազմաթիվ զոհերի կապակցությամբ՝ ասել է, որ Ադրբեջանը Թուրքիային օգնությունը համարում է իր եղբայրական պարտքը։

Իլհամ Ալիևը գոհունակությամբ է հիշել Թուրքիայի նախագահի հետ վերջին հանդիպումը Անկարայում և Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցերը Ադրբեջան՝ նշելով, որ Թուրքիայի նախագահի այցերը օկուպացիայից ազատագրված տարածքներ առանձնահատուկ նշանակություն ունեն։
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ թուրքական պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին հասել է մեծ հաջողությունների, նշել է «Բայքար» ընկերության առաջատար դերն այս հարցում և հայտարարել, որ թուրքական ընկերության արտադրանքը մեծ նշանակություն է ունեցել՝ հայ օկուպանտների ռազմական տեխնիկայի ոչնչացման գործոււմ՝ Հայրենական պատերազմի ժամանակ։

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են՝ ռազմական և պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև այլ ոլորտներում։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև համագործակցության հեռանկարների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Սելջուկ-Բայրաքթար  


Լրահոս