Ռուսաստանն արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկին
Ռուսաստանն արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկին
09:00     21 02 2023    
ՌԴ-ն Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք արդեն մեկնաբանել ենք Հայաստանում ԵՄ առաքելություն ստեղծելու մասին ԵՄ խորհրդի որոշումը։ Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչները ստում են։ Այն ծավալվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության իմաստով: Հետևաբար, դրան պետք է համապատասխանաբար վերաբերվել: Ցավոք, սա առաջին անգամ չէ, որ մենք արձանագրում ենք ցանկացած միջոցներով մեր դաշնակից Հայաստանում ամրապնդվելու Եվրամիության և Արևմուտքի ցանկությունը։ Այս փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Անտեսվում են այս նախաձեռնության վերաբերյալ Բաքվի հրապարակայնորեն արտահայտած բացասական գնահատականները։

Բացի այդ, տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը բոլորովին էլ միանշանակ չէ։ Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ այս ոլորտում հաջողություններով։ Վերցնենք, օրինակ, ԵՄ միջնորդական ջանքերը և առաքելությունը սերբական Կոսովո մարզում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս»։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս