Անսպասելի իրավիճակ Բրյուսելում. Իլհամ Ալիևն ու Փաշինյանը նորից են հանդիպել
|
|
Բրյուսելից նախօրեին ուշ երեկոյան ստացվեց բավականին անսպասելի տեղեկություն, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հովանու ներքո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի նոր հանդիպում: Այդ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը գրառում է արել սոցցանցում, նշելով, որ Ֆրանսիան չի լքի հայերին: Մակրոնը նաև հավաստիացրել է տևական խաղաղության ուղղությամբ ջանքի մասին: Ի՞նչ է պատահել, որ Ֆրանսիայի նախագահը թերևս շտապ մեկնել է Բրյուսել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար: Նշում եմ շտապ, որովհետև մինչ այդ որևէ ակնարկ իսկ չկար, թե կարող է լինել այդպիսի հանդիպում:
|
Հետևաբար, եթե անգամ այն պլանավորված է եղել ավելի վաղ, ապա պետք է նկատել, որ այդ մտադրությունը հանրության ականջից պահվել է այնպիսի խնամքով, որ չի եղել նման հավանական հանդիպման կամ այլ կերպ ասած Փաշինյան-Ալիև բրյուսելյան կրկնակի հանդիպման հնարավորության որևէ արտահոսք: Սա էլ կարող է նշանակել, եթե դիտարկենք այդ վարկածը, որ հանդիպումն ունեցել է ուրեմն առանձնահատուկ նշանակություն: Եթե գործ ունենք շտապ վարկածի հետ, ապա այս դեպքում բնականաբար հարց է առաջանում, թե ի՞նչն է Ֆրանսիայի նախագահին դրդել նման հանդիպում կազմակերպել դրա նախօրեին ԵԽ նախագահ Շարլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո: Ընդ որում այստեղ ուշադրության է արժանի այն, որ Միշելի նախաձեռնած հանդիպման օրը տեղի էր ունեցել Ֆրանսիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույց, որտեղ նրանք խոսել էին ղարաբաղյան հարցի մասին, կարևորել Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: Եվ այստեղ էլ առկա է մեկ այլ հարց՝ արդյո՞ք Ֆրանսիայի նախագահը դեկտեմբերի 15-ին գործել է դեկտեմբերի 14-ին Պուտինի հետ հեռախոսազրույցից բխող տրամաբանությամբ, արդյո՞ք նրանք քննարկել են ԵԽ նախագահի նախաձեռնությամբ Փաշինյան-Ալիև դեկտեմբերտասնչորսյան հանդիպումից ոչ ամբողջ մեկ օր անց էլ Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո նոր հանդիպում կազմակերպելու մասին: Այյդ որոշումը կարող էր լինել միարժե՞ք, թե՞ նման հավանականություն կարող էր դիտարկվել Միշելի նախաձեռնությամբ հանդիպման ինչ-ինչ արդյունքից ելնելով: հարցերը անկասկած շատ են, այդ թվում և այն, թե կարո՞ղ էր արդյոք Ֆրանսիայի նախագահը ինքը որևէ առանձին շահագրգռություն ունենալ այդպիսի հանդիպում կազմակերպելու համար: Թեև ուշադրության է արժանի, որ փաստորեն թե Հայաստանը, թե Ադրբեջանը չեն մերժել այն: Իհարկե Հայաստանի պարագայում կասկած չկա, որ Ֆրանսիայի նախաձեռնությունը չէր մերժվի, սակայն ուշադրության է արժանի, որ չի մերժել նաև Բաքուն, որին միշտ չէ, որ դուր է գալիս ղարաբաղյան հարցի վերաբերյալ Փարիզի հռետորաբանությունը:
Թեև, մի բան է հռետորաբանությունը և մեկ այլ բան իրական քաղաքականությունը ու այստեղ էլ պետք է հասկանալ, թե ինչու՞ է Ֆրանսիայի նախագահը մեկնելով Բրյուսել և կազմակերպելով Փաշինյան-Ալիև հանդիպում, հետո գրառում անում «հայերին չլքելու» մասին, որն ըստ էության «չեզոք գրառում» չէ և ըստ այդմ Փաշինյան-Ալիև բանակցությունից հետո արված լինելով, կարծեք թե թողնում է ոչ միարժեք տպավորություն: Ի՞նչ է կատարվել կամ պատահել Բրյուսելում, որ Մակրոնը Թվիթերում գրում է, որ Ֆրանսիան չի լքի հայերին: Քաղաքականությունը, ինչպես գիտենք, շատ ավելի բարդ կառուցվածք է, այն էլ միջազգային հարաբերությունների ներկայիս չափազանց բարդ փուլում:
Հեշթեգներ.
Բրյուսել
Հանդիպում