Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
|
|
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը:
|
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
Ըստ պաշտպանի՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունում երկու հիմք է ներկայացվել՝ քննությանը խոչընդոտելն ու նախաքննությունից թաքնվելը: Փաստաբանը, դեռեւս ծանոթ չլինելով դատարանի որոշմանը, չկարողացավ հստակեցնել, թե դատարանը հիմքերից կոնկրետ որն է բավարարել:
«Գործը պետական ու ծառայողական գաղտնիքների է վերաբերում, քրեական գործում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որոնք արդեն իսկ հերքում են առաջադրված մեղադրանքը»,- նշեց պաշտպանը:
Հովհաննիսյանը հայտնեց, որ Տոնոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ ընդհանրապես կապ չունի այն ամենի հետ, ինչ իրեն մեղսագրվում է, եւ հայտարարություններ է արել դատարանում՝ տալով համապատասխան բացատրություններ:
Փաստաբանը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարան բողոք կներկայացնեն կալանավորման որոշման դեմ:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից շուրջ 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։
ԱԱԾ-ն երեկ Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացնում։ Խուզարկել են նույնիսկ Տոնոյանի մոր բնակարանը։ Թե ԱԱԾ–ում գործը հարուցվելուց ամիսներ անց քննիչներն այդ բնակարաններում ինչ էին ակնկալում գտնել, հայտնի չէ։ Մամուլում միայն լուրեր են շրջանառվում, որ իրավապահները փաստաթղթեր եւ գումար են փնտրել։
Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը երեկ ձերբակալվել էին, դատարանի որոշմամբ Տոնոյանն ազատ է արձակվել, իսկ Գալստյանը մինչև հիմա ձերբակալված է։
Հեշթեգներ.
Հայաստան
ՊՆ