Պաշտպանության նախարարը խիստ քննադատության է ենթարկել զինծառայողներին մատուցվող սննդի պատրաստման և պահպանման ընթացքում խախտումներ թույլ տված կազմակերպություններին և հրահանգել ողջամիտ ժամկետում լիարժեք կերպով վերացնել արձանագրված բոլոր թերությունները։
Բայց այս հաղորդագրությունը խորը արմատներ ունի. մինչ Պաշտպանության նախարարությունը մեղքը բարդում է մատակարարների վրա, իրավապահ համակարգը քրեական գործ է հարուցում մատակարարների անբարեխիղճ գործունեության մասով ու ուշագրավ բացահայտումներ անում: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ իրավապահ համակարգը հարցաքննության է հրավիրել մատակարարներին, նրանք բացատրել են, որ մրցույթ է հայտարարվել, մասնակցել են, այն ապրանքը, ինչը ներկայացրել են ԶՈւ հանձնաժողովին, դա էլ մատակարարվել է բանակ: Այսինքն՝ եթե մատակարարված ապրանքը վատն է եղել, հանձնաժողովը չպետք է ընդուներ:
Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովը ընդունել. կա՛մ ազդեցիկ զանգ է հնչել ԶՈւ-ից, կա՛մ մասնագետներ չեն եղել, չեն հասկացել: Իհարկե, երկրորդ տարբերակը թերևս բացառվում է: Իրավապահները ԶՈւ հանձնաժողովի անդամների խոսքերը արժանահավատ չեն համարել և բանակին սնունդ կամ այլ իրեր մատակարարող ընկերությունների և հանձնաժողովի անդամների գործունեության մեջ կոռուպցիոն ռիսկեր են տեսել: Ի դեպ, այս բացահայտման մասին նաև հայտնել են Պաշտպանության նախարարությանը, ինչը ենթադրել է տալիս, որ Պն-ում առաջիկայում ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Իսկ թե ովքեր են մատակարարները՝ առաջիկայում»,-գրում է թերթը։
Zinvor.info