Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է. Մանուկյան
|
|
Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, դավաճան է նա, ով բանակից ազատվել է փողով, դավաճան է նա, ով, օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է:
|
Այս մասին ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա չհստակեցրեց՝ ում մասին է խոսքը, սակայն խոստացավ, որ իրավապահ մարմիններին տեղյակ կպահի:
Մանուկյանն անդրադարձավ Կառավարության գործունեության ծրագրում բանակին առնչվող մի շարք մատնանշումներին՝ ասելով.
«Մի քանի օր շարունակ իշխանական քարոզչամեքենան աշխատեցնում է երկու թեզ՝ ծառայության ժամկետը կրճատվելու է, սահմանում սահմանապահ զորքերն են լինելու: Սիրելի՛ հայրենակիցներ, ով մի պահ մտածել է՝ «ինչ լավ է, իմ տղան շուտով առաջնագծում դիրքի չի կանգնելու, ապագայում որ բանակ գնա, 2 տարի չի ծառայելու», ուշադիր կարդացեք կառավարության ծրագիրը՝ «աստիճանաբար անցում կկատարվի արհեստավարժ, պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Այս խոստումն այս տարվա, մյուս տարվա համար չէ»,-ասաց նա:
Այնուհետ պատգամավորն ընդգծեց այն ձևակերպումը, թե հեռանկարում ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում է ՀՀ ԶՈՒ-ն, կիրականացնեն սահմանապահ զորքերը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր զավակներն էլի մարտական դիրք են պահելու, սա ապագայի համար է գրված: Մեր սահմանապահ զորքերի կառուցվածքն ամբողջովին այլ է եղել, հայ-վրացական սահման պահելու համար է եղել, ոչ թե թշնամու դեմ Գեղարքունիքում կամ Սյունիքում դիրք պահելու համար: ԱԽ՝ «տարած-հետ բերած» քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ Հանրայինի եթերում ասում է՝ այս ենք անելու, այն ենք անելու, այս տարվա, մյուս տարվա համար չէ: Չգիտեմ՝ քանի տարի հետո կլինի, բայց, դատելով այս կառավարության՝ անցնող երեք տարվա գործունեությունից, կարծում եմ՝ դժվար էլ իրականացվի»,-ասաց նա:
Հեշթեգներ.
Հայաստան
ՊՆ
Ճգնաժամ