Արտակ Դավթյանի խայտառակ ձախողումները. «Ժողովուրդ»
|
|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020 թվականին՝ մեկուկես ամսվա ընթացքում, խաղաղ պայմաններում հայկական բանակում 13 զինծառայող էր մահացել, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ չի պատրաստվում պաշտոնից ազատման դիմում գրել: Ավելին՝ ԶՈւ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռեւս 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։
|
Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»։ Մովսես Հակոբյանը նշել էր, որ հենց այս պատճառով է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Այսքանով, սակայն, Արտակ Դավթյանի՝ բանակին հասցված վնասները չեն ավարտում: Նրա թեթեւ ձեքով վերացվեցին ՄՈԲ զորամասերը, եւ 44-օրյա պատերազմի ժամանակ պարզ դարձավ, թե ինչ ճակատագրական սխալ որոշում է եղել:
Բայց այս բոլոր խայտառակ ձախողումներից հետո ՀՀ քաղաքական իշխանությունը հասարակությանը ցույց տալու համար, թե պատժում է ձախողումներ թույլ տված Արտակ Դավթյանին, նրան ազատեց պաշտոնից ոչ թե անկարողության, այլ կորոնավարակի պայմաններում տղայի հարսանիքը բակում տոնելու համար: Նրան պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց կրկին նշանակեցին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Այսպիսով, պրոֆեսիոնալ զինվորականների գնահատմամբ՝ ամենաանպատրաստ գեներալ Արտակ Դավթյանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ։
Մեկ շաբաթվա ընթացքում բանակում ունեցանք 6 զոհ՝ 3-ը՝ հակառակորդի կրակոցից, 3-ը՝ ներքին տարաձայնության հետեւանքով, ինչի թիվ մեկ պատասխանատուն Արտակ Դավթյանն է, քանի որ պատերազմից անցել է 9,5 ամիս, եւ դեռ ոչ միայն սահմանը կահավորված չէ, այլեւ բանակում շարունակվում են արատավոր բարքերը: Ըստ նախնական վարկածի՝ պարտք ու պահանջի, միմյանց նսեմացնելու պատճառով 3 հոգու կրակելու դեպքը պետք է լուրջ հետեւությունների հանգեցներ:
Արտակ Դավթյանը, սակայն, սեփական անգործությունը բարդում է զորամասի հրամանատարի վրա՝ կասեցնելով նրա լիազորությունները: Ինչպես դասականը կասեր, խոշոր ձկներին թողած՝ մանր ձկներով են զբաղվում»:
Հեշթեգներ.
Հայաստան
ՊՆ
Արտակ-Դավթյան