«Ժողովուրդ»․ Պատերազմող երկիր Հայաստանում ծառայության ժամկետ են կրճատում
|
|
«Երեկ ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ նախատեսում է կրճատել զինծառայության ժամկետները՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:
|
Այս հայտարարությունը ՀՀ կառավարությունը անում է այն ժամանակ, երբ Սյունիքի N զորամասի դիրքերից մեկում՝ դոմիկում, հայտնաբերվեցին 3 ժամկետային զինծառայողների՝ 2002 թվականի ծնվածներ Մուրադ Մուրադյանի, Լևոն Հարությունյանի և Գոռ Սահակյանի դիերը:
Ավելի ուշ պաշտոնապես հայտնի դարձավ, որ նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Հ-ն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիմա դառնանք կառավարության առաջարկին, որն, իհարկե, առաջին հայացքից լավ փոփոխություն է:
Բայց ինչո՞ւ հենց այս դեպքից հետո կառավարությունը հիշեց, որ պիտի հայտարարի պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին: Թերևս հասկանալի է, որ սահմանի ողբերգական դեպքից հետո հասարակության ընդվզումը մեղմելու համար է դա արվել, որպեսզի զինվորների ծնողները չմեղադրեն վարչապետին՝ թե սա էր արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան:
Սակայն նկատենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններից առաջ արդեն զինվորների շրջանում լուրեր էին տարածել, որ գնան, 3-րդ համարի քվեաթերթիկը վերցնեն, ընտրեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ծառայության ժամկետը կրճատվի, ինչը Սոթք համայնքում ընտրության մասնակից բոլոր զինվորները անում էին մեկ մարդու պես:
Իհարկե, դժվար է ասել՝ ժամկետների փոփոխությունը կազդի արդեն ծառայող զինվորների վրա, թե ոչ, բայց փաստ է՝ կառավարությունը մեծ հաշվով վճարում է զինվորներին ամիսներ առաջ խոսք տված 3-րդ համարի քվեաթերթիկը վերցնելու գինը»,-գրում է թերթը։
Հեշթեգներ.
Հայաստան