Դա հերթական քայլն է պատերազմի իրական մեղավորներին թաքցնելու համար. Վանեցյան
 Դա հերթական քայլն է պատերազմի իրական մեղավորներին թաքցնելու համար.  Վանեցյան
15:28     10 08 2021    
Քննիչ հանձնաժողովն իշխանության գործիքը չէ, դա բացառապես ընդդիմության համար նախատեսված գործիք է։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Հայաստանի ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Քննիչ հանձնաժողովը պետք է օգտագործի ընդդիմությունը եւ կարողանա ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Եթե քննիչ հանձնաժողովի մասին խոսում է իշխանությունը, դա նշանակում է, որ իշխանությունն ապաշնորհ է։ Եթե քննիչ հանձնաժողովի ստեղծումն առաջարկվում է իշխանությունների կողմից, դա հերթական քայլն է 44-օրյա պատերազմի իրական մեղավորներին թաքցնելու համար»,- ասաց նա։

Անդրադառնալով մինչեւ այս պահը ԱԳ նախարար չունենալու հարցին՝ Վանեցյանն ասաց. «Այս իշխանությունները ոչ թե անկախ Հայաստանի շահն են առաջ մղում, այլ փորձում են հաճոյանալ այլ երկրների շահերին։ Այս իշխանությունները չունեն պրոֆեսիոնալ կադրային ռեզերվ, եւ չեն կարողանում այդ կարեւորագույն պաշտոնի համար ընտրել թեկնածու»։

Անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործին՝ Վանեցյանն ասաց. «Նոյեմբերի 9-ից հետո ինձ ձերբակալեցին, դիմեցին դատարան՝ կալանավորելու միջնորդությամբ, բայց դատարանը չբավարարեց՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Այսինքն՝ ես հնչեցված մեղադրանքների հետ որեւէ առնչություն չունեմ։ Գործը հարուցված է, ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ, բայց արդեն անցել է 7-8 ամիս, եւ որեւէ անգամ որեւէ քննչական գործողության ինձ չեն հրավիրել»։

Նա հայտնեց նաեւ, որ գործում ներգրավված անձանցից ծանոթ է եղել միայն Աշոտ Մինասյանի հետ, իսկ Վահրամ Բաղդասարյանի հետ ծանոթացել է ազատ արձակվելուց հետո միայն, ուստի բոլոր մեղադրանքներն «աբսուրդի ժանրից են». «Դա ուղղակի աբսուրդ է։ Հիմա, այս հարցազրույցից հետո, ես չեմ բացառում, որ շատ ակտիվ ինձ սկսեն նորից կանչել քննչական մարմիններ»։

Վանեցյանը նշեց՝ մեղադրող կողմը ընդունել է, որ հրապարակած տեսանյութը մոնտաժված է։

Հարցին՝ արդյոք իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ էլ են քրեական գործերի տեսանյութերը մոնտաժվե՞լ, Վանեցյանը պատասխանեց. «Երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, որեւէ գործ չի սարքվել, որեւէ գործ չի մոնտաժվել»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս