Իրական բարեփոխումների փոխարեն միայն դրանց իմիտացիայով են զբաղված. «Փաստ»
 Իրական բարեփոխումների փոխարեն միայն դրանց իմիտացիայով են զբաղված.  «Փաստ»
16:12     05 08 2021    
«Փաստ» գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանն այնպիսի բարդ աշխարհաքաղաքական դիրքում է գտնվում։ Ուստի, հաշվի առնելով ժամանակի ընթացքում արտաքին սպառնալիքների ահագնացումը՝ Հայաստանի համար միշտ պետք է առաջնային ուշադրության առարկա լինի անվտանգության ապահովման խնդիրը։ Պատահական չէ, որ մի քանի տարի առաջ նախատեսվում էր իրականություն դարձնել «Ազգ-բանակ» հայեցակարգը, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո այս հայեցակարգը հանվեց օրակարգից, իսկ իշխանական թիմի ներկայացուցիչները շտապեցին արդարացնել այդ քայլը՝ իբր հիմնավորելով, թե քաղաքացիներին պետք չէ հայրենասիրություն սովորեցնել։ Ըստ էության, Փաշինյանի իշխանության օրոք անվտանգության հիմնախնդրին այնպիսի մեծ կարևորություն չէր տրվում, ինչպես անհրաժեշտ էր։

Անվտանգային համակարգը կատարելագործելու փոխարեն իշխանություններն, ըստ էության, ավելի շատ զբաղված էին միայն բանակում կոռուպցիա փնտրելով և սպայակազմին վարկաբեկելով։ Իսկ արդիական սպառազինությունների ձեռք բերման հարցն իշխանությունների համար ավելի շատ իրենց գովազդելու հարց էր լուծում, քան իրական սպառնալիքներին դիմագրավելու խնդիր։ Հիշենք Փաշինյանի նկարները Սու-30 ՍՄ կործանիչների ֆոնին, որոնք այդպես էլ մարտական պայմաններում չօգտագործվեցին։ Թերևս անվտանգության խնդրի անտեսման արդյունքում է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում հայկական կողմը խայտառակ պարտություն կրեց, ինչը լուրջ բարդույթներ է ստեղծել մեր հանրության և զինված ուժերի անձնակազմի շրջանում։ Ուստի նոր կապիտուլ յացիաներից խուսափելու համար այլ ելք, քան իր զինված ուժերը կարգի բերելն է, Հայաստանը չունի։

Պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի զինված ուժերի վերականգնման հարցը հանրության ուշադրության կենտրոնում է։ Այս հանգամանքը նկատի ունենալով՝ անցյալ տարվա նոյեմբերի 18-ին իր հրապարակած վեցամսյա ճանապարհային քարտեզում Փաշինյանը առանձին կետով նշում էր զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման ու մեկնարկի մասին։ Արդեն փետրվարին վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարեց, որ կձևավորվի զինված ուժերի բարեփոխման աշխատանքային խումբ։ Իսկ ահա ապրիլին ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերում արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումները։

Բայց Փաշինյանի կողմից ճանապարհային քարտեզը ներկայացնելուց ի վեր զինված ուժերում մեծ հաշվով որևէ տեսանելի փոփոխություն չի արվել։ Այսինքն, իրական բարեփոխումների փոխարեն իշխանությունները միայն դրանց իմիտացիայով են զբաղված։ Նրանք ոչ այնքան մեծ կարևորություն ունեցող փոփոխությունները ներկայացնում են որպես աննախադեպ երևույթ, իսկ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման ու պրոֆեսիոնալ բանակի ստեղծման հարցն ընդամենը մնում է հայտարարությունների մակարդակում։

Այնինչ, այս ընթացքում բարեփոխումները և արդիական սպառազինությունների ձեռք բերումը արդեն պետք է հանրության համար տեսանելի կերպով մեկնարկած լինեին, որպեսզի այնպիսի իրավիճակում չհայտնվեինք, որ դաշնակից Ռուսաստանին խնդրեինք, որ իր սահմանապահներին բերի ՀՀ սահմանները պաշտպանելու համար։ Պատերազմից արդեն 8 ամսից ավելի ժամանակ է անցել, ո՞ւր են այն գերժամանակակից սպառազինությունները, որոնք իշխանությունները խոստանում էին ձեռք բերել։ Ստացվում է, որ իշխանություններն, ավելի շատ կենտրոնանալով իրենց վերարտադրման խնդրի վրա, բավարար ուշադրություն չեն դարձնում անվտանգության համակարգի բարեփոխմանը։

Դրանով է նաև պայմանավորված, որ իշխող ՔՊ-ի ներկայացուցիչները ԱԺ-ում անվտանգությանը վերաբերաղ հարցերին չեն կարողանում հավուր պատշաճի պարզաբանումներ տալ։ Ու արդեն, մեղմ ասած, զավեշտի ժանրից է թվում, որ Նիկոլ Փաշինյանը նոր պաշտպանության նախարարին ներկայացնելիս խոսում է զինված ուժերում սկսված բարեփոխումներն ավարտին հասցնելու մասին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս