Ադրբեջանի ՊՆ. Նոր պատերազմի պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ղեկավարության և Մակրոնի բռնապետության վրա
  Ադրբեջանի ՊՆ.  Նոր պատերազմի պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ղեկավարության և Մակրոնի բռնապետության վրա
22:33     18 06 2024    
Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրման և պատերազմի նոր օջախ ստեղծելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է ռևանշիստական քաղաքականություն վարող Հայաստանի ղեկավարության և Մակրոնի բռնապետության վրա։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ ԶԼՄ-ները հայտնում են Ֆրանսիայի և Հայաստանի միջև САУ Caesar-ի գնման պայմանագրի կնքման մասին։

«Այն փաստը, որ Ֆրանսիան մահաբեր և հարձակողական հրետանային միչոցներ և այլ զինատեսակներ է մատակարարում Հայաստանին, չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործունեության հերթական ապացույցն է հանդիսանում։

Թեև Ֆրանսիայի ՊՆ-ն անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարություն էր տարածել, որ Հայաստանին մատակարարվող զինտեխնիկան կրում է պաշտպանական բնույթ, ներկայիս ռազմական գործարքի շրջանակներում Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը՝ Ֆրանսիայի ղեկավարության կեղծավորության հերթական դրսևորում է։

Հարավկովկասյան տարածաշրջանում ռազմականացման և աշխարհաքաղաքական ինտրիգների քաղաքականություն վարող Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը։ Ֆրանսիայի ներկայիս ղեկավարությունը, որն իր ապակառուցողական և կողմնակալ քաղաքականության պատճառով դուրս է մնացել կարգավորման և տարածաշրջանային գործընթացներից, չի կարող դա ներել Ադրբեջանին և, հետևաբար, շարունակում է իր քայքայիչ քաղաքականությունը»,- նշել են ՊՆ-ում։

Այնտեղ հիշեցրել են, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիա և օկուպացիա իրականացրած պետություն է։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիայի կողմից՝ արյունալի ռազմական ագրեսիա իրականացնելու փորձ ունեցող Հայաստանի վերազինումը և Հայաստանի ղեկավարության ռևանշիստական քաղաքականությանը աջակցելը, բացի քաղաքական անպատասխանատվությունից, տանում է նաև նոր պատերազմի։

Որպես գաղութային կայսրություն՝ Ֆրանսիան պատմականորեն ունեցել է աշխարհի տարբեր մասերում պատերազմի և հակամարտությունների օջախներ ստեղծելու տհաճ պատմություն: Նոր Կալեդոնիայում և այլ անդրծովյան գաղութային տարածքներում տեղի ունեցող գործընթացները, բնիկ ժողովուրդների շահագործումը, նրանց բնական ռեսուրսների թալանը, ռասիստական քաղաքականության հետևանքով այդ տարածքների ժողովրդագրական կազմի փոփոխությունը, բողոքի ցույցերի ճնշումը արյունահեղությամբ և զենքի ուժով՝ հանդիսանում է Մակրոնի ռեժիմի իրական էության ցուցիչը: Ֆրանսիան գաղութատիրական ամոթալի ժառանգության մնացորդներ հանդիսացող նման խորը արմատացած խնդիրներին անդրադառնալու և նեոգաղութատիրությանը վերջ դնելու փոխարեն՝ կեղտոտ քարոզչական և ապատեղեկատվական արշավ է մղում Ադրբեջանի դեմ։

Մենք հայտարարում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի սրման և պատերազմի նոր օջախ ստեղծելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է ռևանշիստական քաղաքականություն վարող Հայաստանի ղեկավարության և Մակրոնի բռնապետության վրա»,-ընդգծել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս