Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 24-ին ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։
Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ ռազմական ոլորտում։ Այս կապակցությամբ գոհունակություն է հայտնվել ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժությունների անցկացման կապակցությամբ, որոնց ընթացքում զինվորականները ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ և հմտություն։
Զրույցի ընթացքում նշվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների պարբերական հանդիպումների և շփումների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, ընդգծվել է նաև Ռեջեփ Թայիբ Էրդողանի այս տարվա սեպտեմբերին Նախչըվան կատարած այցի կարևորությանը։
Հանդիպմանը նշվել է, որ հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունը։ Ընդգծվել է, որ Յաշար Գյուլերի այցն Ադրբեջան կծառայի երկկողմ կապերի զարգացմանը, այդ թվում՝ ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդմանը։