Վերլուծաբան Մելքոնյան. Հայաստանը չգիտի, թե որ ճանապարհն ընտրի
  Վերլուծաբան Մելքոնյան.  Հայաստանը չգիտի, թե որ ճանապարհն ընտրի
12:50     11 10 2023    
«Հայաստանն ամեն քայլով ցույց է տալիս, որ հեռանում է Ռուսաստանից ոչ միայն երկկողմ հարաբերությունների առումով, այլ նաև Ռուսաստանի կողմից ստեղծված բազմակողմ հարթակների: Բոլորը հասկանում են, որ ԱՊՀ-ն ինստիտուցիոնալ աշխատող կառույց չէ, բայց նույնիսկ նման ցուցադրական քայլեր են ընդունվում Մոսկվայում և Վաշինգտոնում»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին «Հրապարակ»-ին ասել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը՝ մեկնաբանելով Երևանի հակառուսական քաղաքականությունը։

«Հետաքրքիր է, որ նույնիսկ Ադրբեջանը նման կտրուկ դեմարշային քայլեր չի անում, որովհետև Ադրբեջանն ունի իր արտաքին քաղաքականության ռազմավարությունը, և նրա բոլոր քայլերը՝ թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հանդեպ, հիմնված են այդ ռազմավարության վրա։ Այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության մասին խոսելն անիմաստ է` դրանք բոլորը սիտուացիոն քայլեր են: Հայաստանն ամեն կերպ փորձում է մտերմանալ հավաքական Արևմուտքի հետ և այսպիսով ցույց է տալիս, որ պատրաստ է գնալ կտրուկ քայլերի, որոնք կարող են նույնիսկ մեր շահերի դեմ լինել, բայց բխել Արևմուտքի շահերից։

Ակնհայտ է, որ Հայաստանի վարած այս հողմաղացային քաղաքականությունը ոչ մի լավ բան չի հուշում` մեր իշխանությունը չունի հստակ կողմնորոշում, չունի կայուն դաշնակիցներ և թշնամիներ և չգիտի, թե աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների ժամանակ ինչ ուղի բռնի և որ ուղղությամբ գնա», - ասել է Սերգեյ Մելքոնյանը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս