Փաշինյանը Գրանադայում փաստաթուղթ է ստորագրել՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով
  Փաշինյանը Գրանադայում փաստաթուղթ է ստորագրել՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով
09:47     06 10 2023    
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Գրանադայում հռչակագիր է ստորագրել, որով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 քառակուսի կիլոմետր տարածքով, որն իր մեջ ներառում է Ղարաբաղը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հռչակագրի տեքստը հրապարակել է ԵՄ խորհուրդը: Այսպես, Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Նրանք նաև իրենց աջակցությունը հայտնեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա:

«Նրանք համաձայնեցին Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության շուրջ, քանի որ այն բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանության հետևանքներին։ Նրանք ընդգծեցին, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները», - նշված է հայտարարությունում:

«Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 հազար 800 քկմ) և Ադրբեջանի (86 հազար 600 քկմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ի հայտարարությունում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար», - ասված է հայտարարությունում։

«Նրանք կոչ արեցին ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Եվրոպացի առաջնորդները կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին համագործակցել անհետ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար», - ասված է փաստաթղթում։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Գրանադա  


Լրահոս