Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
«Ֆրանսիական կողմը, որը շուրջ 30 տարի չի դատապարտել Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունն ու Ադրբեջանի դեմ ագրեսիան, երբեք չի մեկնաբանել մոտ մեկ միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակների մարդասիրական վիճակը, այժմ դատապարտում է 2020թվականի 44-օրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանն ազատագրեց իր հողերը ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև հատուկ շեշտադրում է անում տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ պնդումների վրա: Անընդունելի է, որ Ֆրանսիայի նախագահը իր բառապաշարում ներառի «Լաչինի մարդասիրական միջանցք» արտահայտությունը, անընդունելի է նաև այս հարցում ճնշման լեզվով խոսելը, սա անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:
Ֆրանսիական կողմը քաջատեղյակ է, որ թեև ցերեկային ժամերին տասնյակ հայ բնակիչներ են անցնում Լաչինի ճանապարհով և սահմանային անցակետով, իսկ բեռների փոխադրման համար Ադրբեջանն առաջարկել է այլընտրանքային ճանապարհներ՝ Աղդամ-Խանքենդի և այլն, սակայն այդ ճանապարհներից օգտվելու հարցը քաղաքականացվում է Հայաստանի և որպես հայ բնակիչների ներկայացուցիչներ ներկայացող անձանց կողմից։
Գործընթացին ուղղակիորեն խոչընդոտող գործոններից է այն պնդումների հնչեցումը, որոնք օգոստոսի սկզբին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու փոխարեն աջակցում են հայկական կողմի սադրիչ քայլերին»,- ասվում է հայտարարության մեջ։