Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։
Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինկենը հայտնել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին, նշել բանակցային գործընթացում կառուցողական և փոխզիջումների վրա հիմնված մոտեցման կարևորությունը։ Նա ընդգծել է Լաչինի սահմանային և մաքսային անցակետի հատման և բանակցություններում դրական թափի պահպանման կարևորությունը՝ կայուն խաղաղության հասնելու համար։
Իլհամ Ալիևն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված խաղաղության օրակարգին և հայտարարել, որ Ադրբեջանը՝ որպես երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնող, աջակցում է դրա ստորագրմանը։ Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը երկու երկրների միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու համար և նշել, որ առաջիկա օրերին հայկական կողմի հետ տեղի կունենա բարձր մակարդակի հերթական հանդիպում։
Իլհամ Ալիևն ասել է, որ թեև Ադրբեջանը ապահովել է մարդասիրական բեռների փոխադրման կազմակերպումը, անհատական անցումները և բժշկական տարհանումը Լաչինի սահմանային և մաքսային անցակետով, սակայն հունիսի 15-ին Հայաստանի կողմից տեղի է ունեցել զինված սադրանք և մարդասիրական բեռների մաքսանենգության դեպքեր՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։