ԱԳՆ. Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ
  ԱԳՆ.  Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ
09:08     10 07 2023    
Ադրբեջանա-իրանական հարաբերությունները Ադրբեջանի համար շատ կարևոր են տարածաշրջանային զարգացման և անվտանգության տեսանկյունից։

Այս մասին Zinvor.info-յի հարցին ի պատասխան ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ։ Վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում լարվածություն է առաջացել, ինչի համար շատ լուրջ պատճառներ կային։ Այնուամենայնիվ, մենք բարձր ենք գնահատում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանի այցը Ադրբեջան, նրա մասնակցությունը Չմիավորման շարժման նախարարական հանդիպմանը, ինչպես նաև այս այցի շրջանակներում նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ասել է նախարարը։

Բայրամովը նշել է, որ այս հանդիպման շնորհիվ հնարավոր է դարձել բաց քննարկել բոլոր այն հարցերն ու թեմաները, որոնք լարվածության պատճառ են դարձել։

«Մենք տեսնում ենք Իրանի մտադրությունը՝ լուրջ քայլեր ձեռնարկել տարաձայնությունների լուծման ուղղությամբ։ Այդ դեպքում Ադրբեջանը համարժեք և փոխադարձ քայլեր կձեռնարկի»,- ասել է նա։

Ավելի վաղ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտնել էր, որ Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մոտ ապագայում ակտիվացնել Հարավային Արազի միջանցքը։

«Սա խթան կհաղորդի ադրբեջանա-իրանական հարաբերություններին հաղորդակցության ոլորտում։ Կարելի է ասել, որ այս միջանցքը շատ կարևոր դեր է խաղալու Ադրբեջանի հիմնական հատվածը Նախչըվանի հետ կապելու գործում։ Մենք շատ լայն քննարկումներ ենք ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շուրջ»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս