Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Մենք ողջունում ենք դատարանի այս որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատում է իր սահմանները վերահսկելու Ադրբեջանի իրավունքը և ապացուցում սահմանային անցակետը վերացնելու Հայաստանի պահանջի անհիմն լինելը։ Հայաստանի կողմից վերջին որոշման սխալ մեկնաբանումը ոչ այլ ինչ է, քան անելանելի վիճակից ուշադրությունը շեղելու փորձ:
Լաչինի ճանապարհին սահմանային անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը սահմանները պաշտպանելու նրա ինքնիշխան իրավունքն է։ Տվյալ որոշումը կայացվել է Ադրբեջանի ինքնիշխան տարածք զենքի, ռազմական տեխնիկայի և անձնակազմի անօրինական հոսքը կասեցնելու անհրաժեշտության կապակցությամբ, ինչը սպառնում էր խաղաղության հեռանկարներին և մեր երկրի անվտանգությանը։
Սահմանային անցակետի ստեղծումից ի վեր հայազգի տեղի բնակիչները ելումուտի ժամանակ ենթարկվում են սահմանային հսկողության։ Սահմանային հսկողությունն իրականացվում է առանց խտրականության՝ Ադրբեջանի ներքին և միջազգային պարտավորությունների շրջանակներում։
Ադրբեջանը կատարում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և իր միջազգային իրավական պարտավորությունները։ Ադրբեջանը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավունքի շարունակվող լուրջ խախտումների համար»,- հայտնել են ԱԳՆ-ում։