Զաքիր Հասանով. Ղարաբաղում հայկական ԱԶԿ-ների լիակատար զինաթափման համար բավարար է ադրբեջանական բանակի մեկ կորպուս
|
|
Ղարաբաղի տնտեսական շրջանում մնացած ապօրինի հայկական զինված կազմավորումները լուրջ վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար, նրանց հաղթելու համար բավական է ադրբեջանական բանակի մեկ կորպուս, ասել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հաղորդում է Zinvor.info-ն։
|
«Մենք բարձր չենք գնահատում այդ անօրինական զինված կազմավորումների հնարավորությունները, որոնք մնացել են Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական գոտու տարածքում։ Մեզ հայտնի է նրանց թվաքանակը, զենքերը, տեղյակ ենք նրանց բարոյահոգեբանական վիճակից, գիտենք, թե ինչի են ընդունակ։ Վստահեցնում եմ ձեզ, ինչպես նշել է պարոն նախագահը (Ադրբեջանի-ԻՖ), նրանք բացարձակապես շանս չունեն ադրբեջանական բանակի դեմ որևէ գործողություն իրականացնելու», - ասել է նախարարը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ հայկական անօրինական զինված կազմավորումները Ղարաբաղում ունակ են միայն որոշ մանր սադրանքների, որոնք իրենց համար «շատ վատ» ավարտ կունենան։
«Սակայն, եթե նրանք սադրանքների դիմեն, որոշեն ինչ-որ անօրինական գործողություններ իրականացնել Ադրբեջանի ԶՈւ դեմ, ապա ադրբեջանական բանակի մեկ կորպուս, այն էլ ոչ լիարժեք, կարող է հաղթել այդ անօրինական զինված կազմավորումներին։ Մենք գիտենք ուժերի և միջոցների հարաբերակցությունը (Ադրբեջանի Զինված ուժերի և անօրինական զինված կազմավորումների - ԻՖ), և գիտենք, որ այդ հարաբերակցությունը նրանց օգտին չէ։ Այնպես որ, ստորաբաժանումներից մեկն ի վիճակի է զինաթափել այդ անօրինական զինված կազմավորումներին»,- հավելել է Հասանովը։
Նախարարը նշել է, որ հետախուզական մեծ հնարավորությունների շնորհիվ Ադրբեջանը ամբողջական տեղեկատվություն ունի անօրինական զինված կազմավորումների մասին։
Հեշթեգներ.
Զաքիր-Հասանով