Հայաստանից Ադրբեջանի տարածք ռազմական բեռների ապօրինի տեղափոխումը շարունակվում է. ՊՆ
  Հայաստանից Ադրբեջանի տարածք ռազմական բեռների ապօրինի տեղափոխումը շարունակվում է. ՊՆ
10:48     22 03 2023    
Ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում տեղակայված հայկական անօրինական զինված կազմավորումները շարունակում են Հայաստանից ռազմական բեռներ տեղափոխել Շուշա-Լաչին ճանապարհին այլընտրանքային գրունտային ճանապարհով:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Նախարարությունում ընդգծել են, որ գիշերային ժամերին հայկական ապօրինի զինված կազմավորումները, օգտվելով մառախլապատ եղանակից, Խանքենդի-Խալֆալի-Թուրշսու գրունտային ճանապարհով կենդանի ուժ, զինամթերք, ականներ, ինչպես նաև վառելիք, ջուր, պարենամթերք և այլ նյութատեխնիկական միջոցներ են հասցնում մարտական դիրքեր։

«Ադրբեջանական կողմը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանը նշված ճանապարհով ռազմական բեռների փոխադրման մասին։ Բացի այդ, պարզվել է, որ հայկական կողմը ռազմական բեռներ տեղափոխելու համար օգտագործում է նաև քաղաքացիական մեքենաներ։ Այսպես, Հայաստանից շարժվող քաղաքացիական մեքենաները պայմանագրային զինծառայողներ և ռազմական բեռներ են հասցնում Շուշայի շրջանի Թուրշսու գյուղի մոտակայքում գտնվող որոշակի կետ։ Ավելի ուշ մենք հետևել ենք, թե ինչպես են անձնակազմը և զինտեխնիկան Խանքենդի տեղափոխում բարձր անցանելիության ռազմական մեքենաներով։

Հայտարարում ենք, որ տարածաշրջանում հնարավոր լարվածության ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս