Երևանը պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
 Երևանը պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
16:21     15 02 2023    
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը և երկու պետությունների միջև խաղաղության վերականգնմանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Անկարայում թուրք գործընկերոջ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։

Նախարարի խոսքով, իհարկե, Անկարայի այսօրվա հանդիպումը պայմանավորված է ավերիչ երկրաշարժով, բայց դա հաստատում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու Հայաստանի լիակատար պատրաստակամությունն ու ձգտումը։

Միրզոյանը խորհրդանշական է անվանել, որ 30 տարի «կողպված» հայ-թուրքական սահմանը բացվել է, Հայաստանից մարդասիրական բեռներ են ուղարկվել Ադիյաման։ Նա նաև հայտնել է, որ Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը մի քանի ժամից կլինի Ադիյամանում։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը բացատրել է, թե ինչու է երկիրը որոշել օգնել հարևան Թուրքիային ողբերգության հետևանքները հաղթահարելու հարցում։

Միրզոյանը հիշեցրել է, որ 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը հայ ժողովրդի պատմության ամենադժվար էջերից մեկն էր, և այսօր Հայաստանին խորթ չէ Թուրքիայի հազարավոր ընտանիքների ցավը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Հայաստան  


Լրահոս