Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության փոխանցմամբ՝ առաքելությունը կմեկնարկի փետրվարի 20-ին։ Արդեն այսօր այս հարցը կքննարկվի ԵՄ դեսպանների հանդիպմանը, իսկ վերջնական որոշումը, ամենայն հավանականությամբ, կկայացվի հաջորդ երկուշաբթի՝ ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։
Անցյալ շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպայի խորհրդի քաղաքականության և անվտանգության կոմիտեի կողմից, իսկ երեկ այն հաստատվել է մոնիտորինգային առաքելություններով զբաղվող հիմնական կառույցի՝ Քաղաքացիական հարցերի ճգնաժամային կառավարման կոմիտեի կողմից։
Ի տարբերություն անցյալ տարվա հոկտեմբերին ուղարկված և հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված 40 հոգանոց խմբի, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն են իրականացնելու Հայաստանի ողջ տարածքում։ Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ էլ դիտորդները զինված չեն լինի։
Բաքուն, ի տարբերություն նախորդի, հավանություն չի տվել այս առաքելությանը։ Ավելին, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել էր այս նախաձեռնությունը։