Փաշինյանը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները
 Փաշինյանը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները
15:01     10 01 2023    
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարմիր գծերը լինելու են Հայաստանի շահերը:

Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով։

Միաժամանակ, Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի պատրաստ տեքստ չկա, հակառակ դեպքում իշխանությունները այդ մասին տեղյակ կպահեին։ Երևանն իր առաջարկներն է ուղարկել Բաքու, սակայն դեռ պատասխան չի ստացել։

Փաշինյանը կրկնել է նախկինում հնչեցրած միտքը այն մասին, որ Հայաստանն ամեն ինչ կանի փաստաթուղթը ստորագրելու համար։

«Ժամանակ առ ժամանակ աղմուկ է բարձրանում այն մասին, որ, ահա, կառավարությունը մտադիր է փաստաթուղթը ստորագրել։ Սա, ըստ էության, լավ նորություն կլիներ, քանի որ կնշանակեր, որ կողմերին հաջողվեց հասնել հավասարակշռված դիրքորոշման, իսկ Հայաստանը կարողացավ պաշտպանել իր շահերը։ Հիմա խնդիրը ոչ միայն փաստաթղթի բովանդակության մեջ է, այլև այդ բովանդակության իրագործումն ապահովելու մեխանիզմի մեջ»,- նշել է նա։

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը շատ կցանկանար, որպեսզի խաղաղ պայմանագիրն այսօր պատրաստ լիներ, և իր ասուլիսը նվիրեց այս փաստաթղթի մանրամասներին։ Բայց փաստաթուղթ չկա, «իսկ սա շատ վատ է»։

Փաշինյանը հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի որոշ դրույթներ այսօր չեն կատարվում։ Միայն ստորագրելով հնարավոր չէ խնդիրը լուծել, նշել է Հայաստանի վարչապետը։

«Խնդիրը ոչ միայն խաղաղության պայմանագրի ստորագրման, այլև դրա իրականացման մեջ է։ Կարելի է պայմանագիր կնքել, իսկ մի քանի օր անց բախվել ռազմական էսկալացիայի: Հարցն այն է, թե արդյոք թղթի ստորագրումը կհանգեցնի խաղաղության։ Տեքստը կատարյալ չի լինի, բայց այն կարող է համահունչ լինել Հայաստանի հավասարակշռված շահերին։ Սակայն եթե փաստաթուղթը կյանքի կոչելու մեխանիզմներ չլինեն, ապա ստորագրելուց հետո կարելի է նոր պատերազմի առաջ կանգնել»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, ժամանակին Հայաստանում շատերն էին ուզում այրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, «սակայն, հիմա վկայակոչում են այս փաստաթուղթը՝ խոսելով Լաչինի միջանցքի գործարկման անհրաժեշտության մասին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս