Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը։
Նա նշել է, որ ամսվա սկզբին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին:
«Մենք պատրաստվում էինք այդ միջոցառմանը։ Ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով ստեղծված իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց թողնվեց», - ասել է Լավրովը։
«Ինչ հարցեր էլ ծագեն, համոզված եմ, որ պետք է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հող ստեղծել, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը։
Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսվում էր Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեր խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, սակայն Երևանը հրաժարվեց մասնակցել դրան։