ՌԴ-ն անվերապահորեն աջակցում է «3+3» ձեւաչափում ջանքերին
|
|
Ռուսաստանն անվերապահորեն աջակցում է «3+3» ձեւաչափում ջանքերին եւ ակտիվորեն մասնակցում է դրանց: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
|
«Մենք, իհարկե, աջակցում ենք այդ ջանքերին, ակտիվորեն մասնակցում ենք դրանց։ Դրանք նպաստում են Հարավային Կովկասում իրավիճակի նորմալացմանը եւ նպաստում են պայմանների ստեղծմանը, որպեսզի երկարատեւ քաղաքական խնդիրները շատ ավելի ակտիվ, արդյունավետորեն լուծվեն՝ այդ թվում՝ Հարավային Կովկասի երեք երկրների եւ դրանց երեք խոշոր հարեւանների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական եւ այլ համագործակցության զարգացման միջոցով»,- ասել է նա։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ակտիվորեն պաշտպանեց «3+3» ձեւաչափի գաղափարը, երբ այն առաջին անգամ հիշատակեց նախագահ Իլհամ Ալիեւը, ապա՝ նախագահ Էրդողանը։ «Մենք անմիջապես շատ լավ միավորող ներուժ տեսանք այս նախաձեռնության մեջ, եւ դրա քննարկման առաջին իսկ օրերից եւ Մոսկվայում կայացած հանդիպմանը նախապատրաստվելիս մենք կողմ էինք, որպեսզի մեր վրացի հարեւանները նույնպես ներգրավվեն այս գործընթացում՝ ելնելով նրանից, որ որքան շատ լինեն շփման հնարավորությունները, այնքան երեւի ավելի լավ մնացած խնդիրների լուծման համար։ Այժմ մենք շփվում ենք մեր վրացի գործընկերների հետ Անդրկովկասի վերաբերյալ Ժնեւյան քննարկումների շրջանակներում…
Բայց «3+3» ձեւաչափով մեկնարկած գործընթացները շատ ավելի նշանակալից են, քանի որ քննարկվում են այդ ամբողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարները։ Այժմ, երբ խաղաղության համաձայնագրեր են ձեռք բերվել, երբ Ռուսաստանի Դաշնության Նախագահի աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանագրեր են ստորագրել ռազմական գործողությունների դադարեցման եւ տնտեսական կապերի զարգացման, այդ տարածաշրջանի բոլոր ուղիների ապաշրջափակման մասին... Դա հնարավորություններ է բացում, որոնցում շահագրգռված են ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Իրանը, ե՛ւ Վրաստանը: Կարծում եմ՝ իրենց (Վրաստանի) շահերից է բխում առանց նախապայմանների միանալ այս ֆորմատին, դե, կարելի է պայմանավորվել, որ «3+3» ձեւաչափով քննարկում ենք միայն այն թեմաները, որոնք հետաքրքրում են բոլոր մասնակիցներին։ Քանի որ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, մենք ավելի քիչ հնարավորություններ ունենք բացատրել նրանց փոխգործակցության այս ձեւի առավելությունները։ Մենք խնդրանքով դիմել ենք մեր թուրք, ադրբեջանցի ընկերներին… Հայաստանը նույնպես կարող է օգնել... խնդրանքով, որպեսզի նրանք բացատրեն մեր վրացի հարեւաններին այս ձեւաչափին միանալու առավելություններն իրենց, ինչպես նաեւ բոլորիս համար, որն իրենց ոչնչով չի պարտավորեցնի...»,- նշել է նա։
Հեշթեգներ.
Ռուսաստան
3+3