Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը վերջնականացնում են համատեղ ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի պարամետրերը
Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը վերջնականացնում են համատեղ ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի պարամետրերը
09:03     30 12 2021    
Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում վերջնական տեսքի են բերում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի պարամետրերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Այս ձեւաչափը մենք առանցքայիններից մեկն ենք համարում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման աշխատանքներում… Ներկայումս, ինչպես պայմանավորվել էին երեք երկրների ղեկավարները Սոչիում, վերջնական տեսքի են բերվում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի պարամետրերը»,- ասել է նա:

Նրա խոսքով` ռուսական կողմի մոտեցումն այն է, որ համապատասխան որոշումները կարող են կայուն լինել միայն Բաքվի եւ Երևանի միջեւ կոնսենսուսի առկայության դեպքում։ «Ուստի մենք հանդես ենք գալիս ադրբեջանական եւ հայկական կողմերի շահերի հավասարակշռված ապահովման օգտին մեկ միասնական «փաթեթով»,- ամփոփել է փոխնախարարը։

Նա հիշեցրել է, որ այս մեխանիզմի շրջանակներում դիտարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ողջ շրջանակը, այդ թվում՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս